Իսրայելը շաբաթ առավոտյան ինտենսիվ ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին, ինչի հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել յոթ մարդ․ կարճ ժամանակով փակվել է Բեյրութը հարավային Լիբանանի որոշ հատվածների հետ կապող մայրուղին, հայտնել է Առողջապահության նախարարությունը։

Մսայլե գյուղում, որտեղ ծանր տեխնիկա է վաճառվում, լուսաբացից առաջ հասցված ավիահարվածների հետևանքով մեծ թվով տրանսպորտային միջոցներ են ոչնչացվել։

«Al Manar» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ հարձակումների պահին խոցվել է մոտակայքով անցնող բանջարեղեն տեղափոխող մեքենան, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։

Առողջապահության նախարարությունը ավելի ուշ հայտարարել է, որ զոհվածներից մեկը Սիրիայի քաղաքացի է, իսկ վիրավորների թվում եղել են Սիրիայի քաղաքացիներ և վեց լիբանանցի, այդ թվում՝ երկու կին։

Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ հարվածը հասցվել է մի վայրի, որտեղ պահվում էր տեխնիկա, որը պետք է օգտագործվեր «Հեզբոլլահ» շարժման ենթակառուցվածքը վերականգնելու համար։

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը շաբաթ օրը դատապարտել է Իսրայելին՝ քաղաքացիական օբյեկտներին հարվածելու համար։

«Հարավային Լիբանանը կրկին Իսրայելի կողմից քաղաքացիական թիրախների դեմ ուղղված զզվելի ագրեսիայի թիրախ է դարձել՝ առանց որևէ արդարացման կամ պատրվակի», - ասել է Աունը։ «Այս վերջին հարձակման լրջությունն այն է, որ այն իրականացվել է Գազայում հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո»։

Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև 14-ամսյա պատերազմի ավարտից ի վեր, որը նոյեմբերի վերջին ավարտվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարով, Իսրայելը գրեթե ամեն օր ավիահարվածներ է հասցրել, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: Իսրայելը մեղադրում է «Հեզբոլլահին» պատերազմի ընթացքում խմբի կրած ծանր կորուստներից հետո իր ներուժը վերականգնելու փորձերի մեջ: