Հարկ վճարողների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար տեղեկատվական հանդիպումներ է կազմակերպում Երեւան քաղաքի եւ մարզերի տարածքային հարկային տեսչություններում: Հանդիպումների այդպիսի մի շարք էլ մեկնարկել է օրերս անցյալ տարեվերջին ընդունված օրենսդրական փոփոխություններին հարկ վճարողներին ծանոթացնելու նպատակով:

ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պլանավորված մեկ ու կես տասնյակ հանդիպումներից արդեն կայացել են Աշտարակի, Էջմիածնի, Արաբկիրի, Նոր Նորքի եւ Էրեբունու հարկային տեսչություններում նախատեսվածները, եւ կարելի է փաստել, որ դրանք հնարավորություն են ընձեռում գործարարներին մանրակրկիտ ծանոթանալ տարեսկզբից ներդրված օրենսդրական փոփոխություններին, 2012-ի հարկային վարչարարության հիմնական ուղղություններին, պարզաբանումներ ստանալ փոփոխությունների հետ կապված առանձին խնդիրների առնչությամբ:

«Արդեն ավանդույթ դարձած ձեւով ՊԵԿ-ի կողմից անմիջապես կազմակերպվում են նմանատիպ հավաքներ, սեմինարներ, որոնց ընթացքում համապատասխան մասնագետների միջոցով ծանոթանում ենք բոլոր փոփոխությունների հետ: Բնականաբար մեծ օգնություն է, մեծ ժամանակի խնայողություն է մեզ` հաշվապահներիս համար»,-նշում է հարկ վճարող Արմեն Նահապետյանը:

Իսկ այս ամենի նպատակը հստակ է. գործարարը պետք է տեղեկացված լինի օրենսդրական բոլոր փոփոխություններին, որպեսզի կարողանա ծրագրել առաջիկա տարվա իր գործունեությունը, վերոհիշյալ փոփոխությունները նրան անակնկալի չբերեն, տարընթերցումների ու թյուրըմբռնումների տեղիք չտան:

Հարկ վճարող Անահիտ Հակոբյանը կարեւորում է նմանատիպ հանդիպումները, որովհետեւ դրանք հնարավորություն են տալիս Ճշտել օրենսդրական փոփոխությունները, ճշտել, թե ինչպես պետք է կազմակերպվեն գործարարների հետագա աշխատանքները, ինչպես պետք է ստանալ ծառայությունները հարկային մարմիններից:

ՊԵԿ-ն իրականացնում է պետություն-գործարար հարաբերությունները գործընկերային դաշտ տեղափոխելու եւ փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու քաղաքականություն: Կոմիտեն այսուհետ եւս շարունակելու է օժանդակությունը գործարարներին` իրենց հարկերը ճշգրիտ հաշվարկելու եւ վճարելու համար: