ՊԵԿ-ի կողմից իրականացվող շարունակական բարեփոխումների արդյունքում պարզեցվել են մաքսային ընթացակարգերը, էապես կրճատվել փաստաթղթաշրջանառության ծավալը, ազատականցվել է ամբողջ գործընթացը:
ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բարեփոխումներին զուգահեռ չի թուլացել մաքսային հսկողությունը: Ավելին, այն խստացվել է` տեխնիկական վերազինման եւ հսկողության այլ գործիքների կիրառման արդյունքում: Իսկ մաքսային հսկողության նոր մեխանիզմների շարունակական կատարելագործումը հիմնականում ուղղված է այն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներին, ովքեր փորձեր են անում, օգտվելով պարզեցված ընթացակարգերից, շրջանցել օրինական դաշտը: Մասնավորապես, այսպես կոչված «տուրիստական բեռների» անվան տակ փորձ է արվում նաեւ բարձրարժեք բեռներ տեղափոխել` դրանք ձեւակերպելով որպես էժանագին ապրանք:
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ մաքսային արժեքների բարձրացումների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Պարզապես այդ ապրանքների նկատմամբ ավելի ակտիվ եւ խիստ հսկողություն է իրականացվում:
Ընդհանրապես, մաքսային ընթացակարգերի պարզեցումը, արագացումը եւ դրանց արդյունավետ կիրառումը մեծապես պայմանավորված է բիզնեսի վարքագծով:




























