Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հունվարի 29-ին Ծաղկաձորում հանդիպել է Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի ունկնդիրներին: Կառավարության ղեկավարը հանդես է եկել «Տնտեսական քաղաքականությունը հետճգնաժամային ժամանակաշրջանում. մարտահրավերները եւ հնարավորությունները» թեմայով դասախոսությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Հայաստանում ԱՄՆ-ի եւ Ֆինլանդիայի դեսպաններ՝ Ջոն Հեֆերնը եւ Պետրի Օլավի Սալոն:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Սարգսյանը նշել է, որ դասախոսության նպատակն է փորձել հասկանալ, թե Ճգնաժամն ինչ արմատներ ունի, ինչպես է դրսեւորվում եւ որն է դրանից ելքը: «Մենք այսօր ապրում ենք մի ժամանակահատվածում, որն ունի բազմաթիվ ներքին հակասություններ, որի արդյունքում էլ առկա է ճգնաժամը: Դասախոսությամբ ցանկանում եմ անդրադառնալ այն ճեղքվածքներին, որոնք հանդիսանում են ճգնաժամի հիմնական պատճառները եւ որոնք բնութագրում են ժամանակակից աշխարհի խնդիրները»,- ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ այդ ճեղքվածքները չորս են՝ հասարակությունների միջեւ աճող անհավասարությունը, ժողովրդավարության եւ կապիտալիզմի բախումը, ինչպես նաեւ ֆինանսական ու առեւտրային անհաշվեկշռվածությունները:
Վարչապետը մանրամասն անդրադարձել է դրանցից յուրաքանչյուրին, ինչպես նաեւ Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականությանը, կրթության, արդարադատության, ոստիկանության, մեր երկրի կառավարման համակարգում ու այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի ունկնդիրները շնորհակալություն են հայտնել Տիգրան Սարգսյանին՝ իր ծննդյան օրը հետաքրքիր դասախոսությամբ հանդես գալու եւ իրենց բարձրացրած հարցերին պատասխանելու համար:



























