Երեւանի քաղաքապետարանը մտադիր է շարունակել ուսումնասիրել դպրոց չհաճախող դպրոցահասակ երեխաների թվի եւ չհաճախելու պատճառները եւ հնարավորին չափով աջակցել այդ ընտանիքներին`երեխաների դպրոց հաճախելու հարցը լուծելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` աշխատանքնային հերթական խորհրդակցության ժամանակ:

Հանրակրթական դպրոցների ճաշարաններին մատակարարվող սննդի որակի ապահովման հետ կապված, Տ. Մարգարյանին զեկուցել են, որ 106 դպրոցներում արդեն կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ: Գործընթացը շարունակվում է: Արձանագրված թերությունները վերացնելու եւ աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանների ստորաբաժանումների, մատակարար կազմակերպությունների եւ դպրոցների տնօրենների հետ համատեղ քննարկում կազմակերպել, հստակեցնել սննդակարգի թույլատրելի տեսականու ցանկը եւ շարունակել իրականացվող ամենօրյա հսկողությունը:

Խանջյան փողոցից դեպի Վարդանանց փողոց գնացող գետնանցումի հետ կապված զեկուցվել է, որ վարձակալող ընկերության կողմից տարածքը մաքրվել է եւ ապահովվել արտաքին լուսավորությամբ:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ՉԺՀ-ից ներկրված 249 ավտոբուսներն արդեն Երեւանում են. գրանցման ու հաշվառման փաստաթղթային ձեւակերպումներից հետո պատրաստ կլինեն շահագործման՝ հատկացված երթուղագծերում: Զեկուցվել է նաեւ, որ շարունակվում է մերձքաղաքային եւ հասարակական տրանսպորտի մոնիտորինգը:

Քաղաքապետը հանձնարարել է գույքագրել կանգառագոտիները, անհրաժեշտության դեպքում կատարել վերանորոգման աշխատանքեր`մաշված ռետինե բարձակները փոխարինել նորերով:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ պատրաստել եւ ներկայացնել մայրաքաղաքում ստորգետնյա տրասպորտային եւ թունելների անցումների վերանորգման անհրաժեշտություն ունեցող նախագծանախահաշվային առաջարկ: