Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքում գործող տնտեսվարողների հետ կնքել է ավելի քան 3600 պայմանագիր` իրենց կողմից օգտագործվող տարածքի պարտադիր բարեկարգման մասին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել գործընթացն ու գարնանն այդ կառույցներին ընդգրկել բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներում:
«Յուրաքանչյուր սեփականատեր պետք է հասկանա, որ քաղաքի մաքրությունն ու զարգացումը սկսում է հենց իր հարակից տարածքից: Մենք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք, որպեսզի սահմանված ժամանակցույցով ավարտենք պայմանագրերի կնքման գործընթացն ու սկսենք բարեկարգման աշխատանքները»,-նշել է քաղաքապետը:
Զեկուցվել է, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից 2011 թվականի հայտարարված մրցույթներում շահած, սակայն աշխատանքները չկատարած կամ թերի եւ անորակ կատարած կազմակերպությունների անվանացանկում տարբեր պատվիրատուների գնահատմամբ ընդգրկվել է 18 կազմակերպություն:
Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում գտնվող եւ ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի, դրանց ճակատային հատվածների մաքրման ու ներկման աշխատանքների իրականացման նպատակով գույքագրված է թվով 250 շենք: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է կենտրոնական ու երկրորդական փողոցներում գտնվող նմանատիպ շենքերի ամբողջական ցանկը վերջնական տեսքի բերել եւ ներառել 2012 թվականի աշխատանքներում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ներկայացնել ծրագիր`ՀՀ մարզերի հետ համագործակցության վերաբերյալ:



























