ՀՀԿ երիտասարդական կազմակերպության եւ Երեւանի Մ. Հերացիի անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ, շուրջ 300 երիտասարդներ եւ ուսանողներ, այսօր` հունվարի 30-ին, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այցը նվիրված է եղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին:

Միջոցառման ընթացքում մասնակիցները ծաղիկներ են դրել բոլոր հերոսների շիրմաքարերին՝ խոնարհվելով նրանց հիշատակի առջեւ։ Երիտասարդները պանթեոնում կատարել են նաեւ հայրենասիրական երգեր։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը նշել է, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված լայնամասշտաբ միջոցառումներ, որոնք կիրականացվեն ամբողջ տարվա ընթացքում։ «Ծրագրերի շրջանակներում կլինեն երիտասարդների այցելություններ «Եռաբլուր» պանթեոն, որոնց շարքը մեկնարկել է բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի հետ համատեղ այս միջոցառմամբ։  Մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ չկա եւ ոչ մի երկիր, որ 20 տարիների ընթացքում կարողանա ձեւավորել այսքան հզոր, կարգապահ ու կայացած բանակ։ Մենք հպարտ ենք, որ ունենք հաղթանակած եւ տարածաշրջանում ամենամարտունակ բանակը, որի կազմավորման գործում մեծ ներդրում ունի նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցությունը։ Պարծենալու բան է»,- նշել է Ավագյանը։