Հայաստանյան կուսակցությունները առայժմ չեն արձագանքել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի առաջարկած «կատարյալ ժողովրդավարության մոդելի» գաղափարին: Հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայրիկյանը հայտնել է, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգն ավելի լավն է, քան մեծամասնականը, սակայն լավագույն տարբերակը իր առաջարկած կատարյալ ժողովրդավարության մոդելն է:
«ԱԻՄ-ին հաջողվել է գտնել ժողովրդավարության հասնելու բանալին: Ես այլեւս չեմ պատրաստվում որեւէ մեկին քննադատել, իրենք պետք է հայտարարեն, թե ինչու չցանկացան միանալ մեր գաղափարներին»,- ասել է Հայրիկյանը` բացառելով ցանկացած ուժի, այդ թվում ՀՀԿ-ի եւ «իր կողմից այնքան չսիրված» ՀԱԿ-ի հետ համագործակցությունը, եթե նրանք չընդունեն կատարյալ ժողովրդավարության մոդելը:
Հայրիկյանն իր նախագիծը ներկայացրել է քաղաքական ուժերին եւ հիացական արտահայտություններ լսել, սակայն ոչ ոք չի միացել այդ մոդելին, որի համահեղինակներն են Քրիստոնյա- դեմոկրատները, Դեմկուսն ու միավորված կոմկուսը:
Արտաշես Գեղամյանն իր հիացմունքն է հայտնել մոդելի վերաբերյալ, Րաֆֆի Հովհաննիսյանը` դրական է վերաբերել, ՀՀԿ-ն լսել է, ՕԵԿ-ն անգամ հետաքրքրությամբ է լսել: Հայրիկյանը նախագիծը քննարկել է այն խիստ դրական բնորոշած ԲՀԿ-ի հետ, սակայն հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանը Հայրիկյանին հայտնել է, թե «ինքնուրույն չի կարող որոշում կայացնել, քանի որ հավատարիմ է կոալիցիային»:



























