Ուկրաինան վերսկսել է գազի ներմուծումը հարավային անդրբալկանյան երթուղով՝ Ռուսաստանի կողմից երկրի գազային և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների կտրուկ ուժեղացումից հետո, ինչի մասին վկայում են ուկրաինական տարանցիկ օպերատորի կողմից չորեքշաբթի օրը հրապարակված տվյալները, հայտնում է Reuters-ը։
Հոկտեմբերին Ռուսաստանն ուժեղացրել է Ուկրաինայի գազային հատվածի վրա հասցվող հարվածները՝ Կիևին զրկելով սեփական գազի արդյունահանման առնվազն կեսից և ստիպելով լրացուցիչ 4 միլիարդ խորանարդ մետր գազ՝ ներմուծել կրճատումը փոխհատուցելու համար։
Տվյալները ցույց են տվել, որ Ուկրաինան չորեքշաբթի օրը Անդրբալկանյան երթուղով 1,1 միլիոն խորանարդ մետր գազ կստանա՝ երեքշաբթի օրվա 0,78 միլիոն խորանարդ մետր ներմուծումից հետո։ Երթուղին Ուկրաինան կապում է Հունաստանում տեղակայված հեղուկացված բնական գազի տերմինալների հետ՝ անցնելով Մոլդովայի, Ռումինիայի և Բուլղարիայի տարածքներով։
Ուկրաինական էներգետիկ խորհրդատվական «ExPro» ընկերությունը նախորդ ամիս հայտնել էր, որ հունական DEPA Commercial-ը, D.Trading-ը (որը Ուկրաինայի խոշորագույն մասնավոր էներգետիկ «Նավթոգազ» ընկերության դուստր կառույցն է) և շվեյցարական Axpo Trading-ը հաստատել են, որ Հունաստանից Ուկրաինա գազ ներմուծելու համար՝ օրական 0,6 միլիոն խորանարդ մետր ծավալով գազ կտրամադրվի։
Ուկրաինան օրական մոտ 23 միլիոն խորանարդ մետր գազ է ներմուծում, այդ թվում՝ մոտ 10 միլիոն խորանարդ մետրը՝ Հունգարիայից, մոտ 8 միլիոն խորանարդ մետրը՝ Լեհաստանից և մոտ 5 միլիոն խորանարդ մետրը՝ Սլովակիայից։ Անդրբալկանյան երթուղին չի օգտագործվել սեպտեմբերին և հոկտեմբերին, իսկ մինչ այդ աշխատել էր միայն հուլիսին և օգոստոսին։ Գազատարը այդքան էլ մեծ պահանջարկ չի վայելել՝ չորս երկրներով և Ուկրաինայի տարածքով գազի տարանցման բարձր արժեքի պատճառով։
Սակայն մոլդովական և ռումինական օպերատորների կողմից սակագների իջեցումն օգնել է մեծացնել նոյեմբեր ամսվա հզորությունների բեռնվածությունը, հայտնում է ExPro-ն։




























