Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն այսօր` հունվարի 31-ին, լրագրողների խնդրանքով պարզաբանումներ է տվել կառավարության շենքի առջեւ հունվարի 19-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ, որտեղ նա ցուցարարներից մեկին «բոմժ» է անվանել:

Նախարարի խոսքով` սույն քաղաքացին «տարիներ շարունակ դուրս չի գալիս մեր նախարարությունից»:  Արմեն Խալոյանն անընդհատ խնդրում է իրեն ծերանոց ուղարկել, սակայն Ա. Գրիգորյանի պարզաբանմամբ` նա թոշակային տարիքի չի հասել, ու իրավունք չունի ծերանոցում գտնվել:

«Եթե քաղաքացին ինձ դիմում է, եւ իրեն ներկայացնում է բոմժ, ի՞նչ պիտի ասեի` ասում եմ հետեւյալը, եթե դու բոմժ ես, եւ ուզում ես հայտնվել ծերանոցում` չես կարող, դու պետք է հայտնվես այնտեղ, որը նախատեսված է քո համար»,- ասաց Ա. Գրիգորյանը: Մինչ այդ քաղաքացին նախարարին դիմել էր հետեւյալ խնդրանքով. «Ես բոմժ եմ, ինձ մի տարեք բոմժանոց, տարեք ծերանոց»: Խնդիրն այն է նաեւ, որ ժամանակավոր բնակության կացարաններում մարդուն 60 օրից ավելի պահել չի թույլատրվում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ծերանոցում տեղ ունենալու համար բողոքի ելած ցուցարարին ասել է. «Ծերանոցները քո նմանների համար ա՞, որ տանեմ գցեմ ընդեղ բոմժանո՞ց»: