Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի առթիվ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` հունվարի 31-ին, այցելել է Հայաստանում ֆրանսիական համալսարան եւ հանդիպել դասախոսական կազմի եւ ուսանողների հետ:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ուսանողներին ներկայացրել է Հայաստանի Զինված ուժերի անցած ուղին՝ իր առանձնահատկություններով, զրուցել առկա խնդիրներից եւ մարտահրավերներից, ինչպես նաեւ` կրթության եւ կադրերի պատրաստման ոլորտում բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հեռանկարների շուրջ: Այնուհետեւ պաշտպանության նախարարը պատասխանել է ուսանողների ու դասախոսների հարցերին:

Միջոցառման ավարտին Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաեւ ռազմական համագործակցության ասպարեզում ունեցած ներդրումի համար՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել Լը Մորզելեկին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի «Ռազմական համագործակցության համար» մեդալով, իսկ համալսարանի մի շարք դասախոսներ պարգեւատրվել են «Հայաստանի Հանրապետության Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով: