Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հունվարի 30-ին այցելել է Պրահայի արվարձան՝ Լիդիցե բնակավայրի հուշահամալիր, որը կառուցվել է հավերժացնելու 1942 թ. հունիսի 10-ին եւ դրանից հետո նացիստների կողմից ոչնչացված 340 բնակչի, այդ թվում` բազմաթիվ երեխաների, հիշատակը:
Գյուղի բնակչության սպանդից հետո գեստապոյականներն ամբողջովին հողին են հավասարեցրել բնակավայրը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում դեսպանը մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցել Լիդիցեում զոհված խաղաղ բնակչության հիշատակին, շրջայց կատարել համալիրի տարածքով, ծանոթացավ դրա պատմությանը, ցուցասրահի ու թանգարանի ցուցադրություններին եւ հավաքածուներին, գրառում կատարել թանգարանի պատվո այցելուների գրքում այցելությունների հուշամատյանում:
Նշենք, որ հունիսի 10-ը Չեխիայում նշվում է որպես Լիդիցեի սպանդի անմեղ զոհերի հիշատակի օր: Այս տարի նշվելու է ողբերգության 70-ամյակը: 2010թ. Լիդիցեի թանգարանում, ի թիվս այլ երկրների, ցուցադրվել են նաեւ Հայաստանի երեխաների նկարներ: Լիդիցեի գյուղապետարանի դիմացի պուրակում տեղադրված է հանրահայտ հայ քանդակագործ Դավիթ Երեւանցու հեղինակած՝ մոր եւ մանկան հուշարձանը:



























