2012 թվականի փետրվարի 1-ից մեկնարկելու է «ԵՍ ԳԻՏԵՄ» հանրային իրազեկման արշավը, որն իրականացվում է «Ամերիա» խորհրդատվական ընկերության կողմից՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։  Այս նախաձեռնության նպատակն է ՀՀ քաղաքացիներին իրազեկել կառավարության կողմից 2007-2012թթ. ընթացքում հանրային կառավարման ոլորտում իրականացված ավելի քան 25 բարեփոխման մասին։

Արշավի շրջանակներում լուսաբանվող բարեփոխումները վերաբերում են ոչ միայն դատական համակարգին, այլ նաեւ պետություն-քաղաքացի հարաբերությունները կարգարվորող տարբեր ոլորտներին` էլեկտրոնային կառավարման համակարգեր, ավտոմեքենայի գրանցում, տեխզննում, վարորդական վկայականի ստացում, բուժ. տեղեկանքների տրամադրում, անշարժ գույքի չափագրում։ Արշավն ընդգրկում է նաեւ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումներ, այդ թվում նաեւ՝ տեսչական, իրավաբանական անձանց գրանցման եւ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ուղղությամբ։ Այս բարեփոխումների արդյունքում քաղաքացուն տրամադրված առավելությունները լուսաբանող սոցիալական գովազդների մի ամբողջ շարք է նկարահանվել «ԵՍ ԳԻՏԵՄ» խորագրով։ Գովազդները եթեր կհեռարձակվեն փետրվարի 1-ից։

Բարեփոխումների շրջանակներում իրենց իրավունքների եւ դրանց պաշտպանության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կամ պարզաբանումներ ստանալու համար ողջ արշավի ընթացքում քաղաքացիները կարող են զանգահարել ՀՀ կառավարության թեժ գիծ՝ 010 527 000։