ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը «կանաչ լույս» կտա Կալիֆոռնիայի ափերի մոտ նավթահորերի հորատմանը տասնամյակների դադարից հետո վերսկսելու համար։ Այդ մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը, որը ծանոթացել է ԱՄՆ շելֆում նավթային հանքավայրերի յուրացման վերաբերյալ Սպիտակ տան հնգամյա ծրագրի նախագծին։

Ըստ պարբերականի տվյալների՝ ամերիկացի առաջնորդի ծրագիրը «նախատեսում է 2027-ից մինչև 2030 թվականը Կալիֆոռնիայի շելֆում հորատման վեց լիցենզիայի վաճառք իրականացնել»։ Վաշինգտոնը նախատեսում է նաև Մեքսիկական ծոցի և Ալյասկայի հատվածները՝ հանքավայրերի յուրացման նպատակով վարձակալության հանձնել։

Ըստ փաստաթղթի, նախատեսվում է հորատման աշխատանքների ընդլայնում իրականացնել Մեքսիկական ծոցի արևելյան հատվածում, որտեղ Ֆլորիդայի բազմաթիվ բնակիչներ վճռականորեն դեմ են եղել դրան։ Ամերիկյան վարչակազմը դիտարկում է այնտեղ 2029 և 2030 թվականներին տարածքների վարձակալության հնարավորությունը։

Նաև նախատեսվում է մինչև 2031 թվականը ավելի քան 20 գործարք կնքել՝ Ալյասկա նահանգում նավթի և գազի արդյունահանման համար տարածքների վարձակալության վերաբերյալ, այդ թվում՝ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ափից ավելի քան 200 մղոն հեռավորության վրա գտնվող տարածք։