Նոյեմբերի 7-ից ի վեր դաշնային կառավարության գործունեության դադարեցման (շաթդաուն) պատճառով ԱՄՆ-ում չեղարկված չվերթների թիվը գերազանցել է 9000-ը։ Այս տվյալներն է տրամադրում FlightAware մասնագիտացված պորտալը։
Նույն ժամանակահատվածում ավելի քան 34,5 հազար չվերթ է հետաձգվել։ Ամենածանր իրավիճակը նկատվել է նոյեմբերի 9-ին, երբ չեղարկվել է ավելի քան 2,9 հազար չվերթ, իսկ ավելի քան 11,2 հազարը՝ հետաձգվել։ Երեքշաբթի օրվա սկզբից արդեն հայտարարվել է ավելի քան 1,1 հազար ավիաչվերթի չեղարկման մասին և այդ թիվը օրվա ընթացքում միայն աճում է։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել էր նոյեմբերի 7-ից երկրի մի շարք խոշոր օդանավակայաններում ավիափոխադրումների ծավալի սահմանափակումներ մտցնելու մասին և թույլատրել էր տիեզերական արձակումներն իրականացնել միայն օրվա որոշակի ժամերին՝ շաթդաունի պատճառով։
Նոյեմբերի 10-ի երեկոյան ԱՄՆ Կոնգրեսի Սենատը սատարել է դաշնային կառավարության աշխատանքի ֆինանսավորումը մինչև 2026 թվականի հունվարի 30-ը ներառյալ շարունակելու մասին օրինագիծը։ Փաստաթուղթը թույլ է տալիս հաղթահարել ամերիկյան կառավարության աշխատանքի տևողությամբ ռեկորդային դադարը (շաթդաուն), որն արդեն կազմում է 41 օր։ Կոնգրեսի ստորին պալատի հավանության դեպքում օրինագիծը կփոխանցվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ստորագրելու համար։





























