Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններն ընթացիկ տարում ավարտվել են առանց էական առաջընթացի, ուստի որոշվել է դրանք կասեցնել, The Times-ին ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցան։

Նրա խոսքով՝ Կիևը 2025 թվականի ամռանից ի վեր ակտիվորեն աշխատում է Ուկրաինայի միջազգային գործընկերներին համոզելու համար՝ ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ անձնական հանդիպման համաձայնելու համար։ «Բռնապետության պայմաններում անհնար է արդյունավետ քննարկումներ անցկացնել բռնապետին ներկայացնող բանակցային թիմերի հետ։ Նրանք շատ խիստ մանդատ ունեն, և պետք է պաշտպանեն իրենց հանձնարարված դիրքորոշումը»,- ասել է Կիսլիցան՝ անդրադառնալով Ստամբուլում ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև բանակցային գործընթացին։

Թուրքիայում բանակցությունները տեղի են ունեցել երեք փուլով՝ մայիսին, հունիսին և հուլիսին։ Ուկրաինական կողմի հիմնական դիրքորոշումներից մեկն անվերապահ հրադադարն էր և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների դադարեցումը։ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած պատվիրակությունը փաստացի մերժել է հրադադարը։ Մոսկվան նաև պահանջել է ճանաչել բռնակցված ուկրաինական տարածքները որպես Ռուսաստանի տարածք և սահմանափակել ուկրաինական զինված ուժերի թվաքանակը։

Կիսլիցայի հարցազրույցից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Կրեմլը պատրաստ է վերսկսելու բանակցությունները Ուկրաինայի հետ Թուրքիայում՝ ընդգծելով, որ խաղաղության գործընթացը կասեցրել է Կիևը։ «Թուրքիայի ներկայացուցիչները բազմիցս կոչ են արել վերսկսելու դրանք (բանակցությունները)։ Ռուսական թիմը պատրաստ է դրան. գնդակը Ուկրաինայի դաշտում է»,- չորեքշաբթի ТАСС-ին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Պոլիշչուկը։

Նա նշել է, որ Ստամբուլում ուկրաինական կողմի հետ հանդիպումների ժամանակ «կարևոր համաձայնություններ են ձեռք բերվել մարդասիրական ոլորտում՝ գերիների լայնածավալ փոխանակման, զոհվածների մարմինների հայրենադարձման և քաղաքացիական բնակչության վերադարձի վերաբերյալ»։

Պոլիշչուկը նաև հայտարարել է, որ Ուկրաինան դեռևս չի արձագանքել Ռուսաստանի առաջարկին՝ ստեղծելու «Ստամբուլի գործընթացի երեք աշխատանքային խմբեր»։ Կիսլիցան, անդրադառնալով աշխատանքային խմբերի վերաբերյալ Մոսկվայի նախաձեռնությանը, նշել է, որ ռուսներն առաջարկել են ստեղծել WhatsApp խմբեր և այլ նմանատիպ մեխանիզմներ՝ անտեսելով հարցի էությունը քննարկելու բոլոր փորձերը։ Դիվանագետի խոսքով՝ սա նպատակ ուներ ԱՄՆ-ին համոզելու, որ բանակցությունները լավ են ընթանում, և որ ԱՄՆ-ն չպետք է պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ։