ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերջնականապես չեղարկել է իր նախորդի՝ Ջո Բայդենի օրոք Ալյասկայում նավթի եւ գազի արդյունահանման հարցում մտցված սահմանափակումները։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ներքին գործերի նախարար Դուգլաս Բերգամը։
«Չեղարկելով 2024. կանոնները՝ մենք հետեւում ենք այն ուղեգծին, որը նշել է նախագահ Թրամփը, Ալյասկայի էներգետիկ պոտենցիալը բացահայտելու, երկրի հյուսիսային մասի բնակիչների համար աշխատատեղեր ստեղծելու եւ Ամերիկայի վառելիքային անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ»,- ասել է Բերգամը, նրա խոսքերը մեջբերել է Reuters գործակալությունը։
Բայդենի օրոք մտցված վերջին սահմանափակումները կապված էին դաշնային կառավարությանը պատկանող 4,3 մլն հեկտար հողերը նահանգի հյուսիսային մասում մշակման համար վարձակալման տալու արգելքի հետ, որոնք կազմում են Ալյասկայի նավթային ազգային պահուստը։ 2024թ․ սահմանված կարգավորումը նախատեսում էր նաեւ կոշտ պայմաններ եւս 800 հազար հեկտար տարածքի մշակման համար։ Ինչպես նշել է Reuters-ը, այս որոշումը նշանակալի քայլ է Թրամփի էներգետիկ քաղաքականության իրականացման մեջ՝ ԱՄՆ-ում «Հորատիր, տղաս, հորատիր» (Drill, baby, drill) կարգախոսով արդյունահանման ընդլայնման գործում։
Գործակալությունը նշել է, որ տեղի բնիկների «Արկտիկական ինուպիատների ձայնը» միությունը ողջունել է սահմանափակումների չեղարկումը, քանի որ հանքավայրերի զարգացումը զգալի ավանդ կներդնի հարկային մուտքերի հարցում Ալյասկայի հյուսիսային շրջանների համար։





























