«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ընտրություններին գաղափարական հենքի վրա է պայքարելու, իրենց գաղափարախոսությունը կիսող կուսակցություն այսօր «Ժառանգությունն» է: Այս մասին, այսօր` փետրվարի 2-ին, հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:
Նրա խոսքով, երկու կուսակցություններն էլ չեն բացառել միասնական թիմով հանդես գալու նպատակահարմարությունը: «Բայց դեռ քննարկումները գնում են: Նպատակահարմարության անհրաժեշտությունը կթելադրի համագործակցության ձեւը: Այսինքն մենք անպայման համագործակցելու ենք ընտրություններին կեղծիքները վերահսկելու, դիտորդների եւ վստահված անձանց միասնական ինստիտուտներ ստեղծելու հարցում: Իսկ կվերածվի՞ դա արդյոք գաղափարական դաշինքի եւ միասնական ցուցակով հանդես գալու, դա պարզ կլինի մոտակա մի քանի շաբաթների ընթացքում»,-հավելեց Արզումանյանը:
Նրա խոսքով, թեեւ ՀՅԴ-ի հետ գաղափարական նմանություններ չունեն, բայց ընտրությունների վերահսկման առումով, անպայման կհամագործակցեն: Ի դեպ, Արզումանյանը վստահ է, որ այս անգամ ընդդիմադիր ուժերի ներգրավածությունն ավելի շատ է տեսնում խորհրդարանում: Ավելին, իրենց կուսակցությանը եւս տեսնում է նոր խորհրդարանում, սակայն ներկա պահին դեռեւս իրենց ցուցակը չեն կազմել:




























