Անօրինական թմրաշրջանառության վերաբերյալ ստացած տեղեկությունն իրացնելիս Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում ձերբակալեցին Երևանի Գայի պողոտայի բնակիչ 22-ամյա երիտասարդի և իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխեցին բաժին:

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով մեկ փաթեթ` լցված մարիխուանայի նմանվող զանգվածով: Երիտասարդը հայտնեց, որ «Տելեգրամ» հավելվածի միջոցով ձեռք է բերել նման 20 փաթեթ` դրանք տեղադրելու նպատակով:

Դրանցից երկուսն արդեն տեղադրել է Երևանում, 14-ը` Վաղարշապատում, երեքն էլ` Արմավիր քաղաքում:

Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում նույն օրը կատարված զննությամբ երիտասարդի տեղադրած փաթեթները հայտնաբերվեցին:

Դատարանի որոշմամբ խուզարկվեց նաև երիտասարդի ավտոմեքենան. հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով լցված ևս 9 փաթեթ:

Հանգամանքները պարզվում են: