Հայաստանի ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը տեղյակ է եղել, որ ճանապարհային ոստիկանները պակաս են բենզին ստացել: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի դատավարությանն այսօր` փետրվարի 2-ին, նման ցուցմունք է տվել Երեւանի ճանապարհային ոստիկանության (1-ին սպայական գումարտակի) նախկին պետ Արսեն Արշակյանը:

Արշակյանը, ով ներկայումս աշխատում է որպես 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, առաջին վկան է, որ ցուցմունք է տվել Մարգար Օհանյանի դեմ: Նրա խոսքով, իր գումարտակին ամսական հասնում էր 33 հազար լիտր բենզին, սակայն ստացել է 27 հազար, իսկ որոշ ամիսների էլ մոտ 23 հազար լիտր բենզին: Վկան պնդել է, որ մի քանի անգամ դիմել է Մարգար Օհանյանին, սակայն նա ասել է, որ ինքը տեղյակ է դրանից: Ավելին, Արշակյանը նշեց, թե բենզինի կտրոնների բաշխման իրավասությունները վերցրել է գործով ամբաստանյալ Սամվել Մախմուրյանի ձեռքից եւ հանձնարարել իր տեղակալ Հայկազ Մաթեւոսյանին, սակայն Մարգար Օհանյանը չեղյալ է հայտարարել իր որոշումը: Ըստ Արշակյանի, սկսած 2009թ. մարտից բանավոր հրահանգ է տրվել նախատեսվածից քիչ բենզին ստանալու վերաբերյալ:

Հարցին, թե խաթարվե՞լ է արդյոք ծառայության աշխատանքը քիչ բենզին ստանալու պատճառով, նա պատասխանեց` ոչ, սակայն նկատեց, թե դասակի հրամանատարները հաճախ են դժգոհել այդ կապակցությամբ: Մարգար Օհանյանի հարցին, թե ովքե՞ր են այդ դասակի հրամանատարները, Արշակյանը պատասխանեց, թե չի հիշում:

«Որպես ոստիկանության սպա, դուք պարտավոր էիք կատարվող ապօրինությունների մասին տեղյակ պահել իրավապահներին, ինչո՞ւ չեք արել»,- Մարգար Օհանյանի այս հարցին ի պատասխան էլ Արշակյանն ասաց. «Եթե իմանայի, որ այլ նպատակներով է ծախսվում բենզինը, տեղյակ կպահեի: Ինձ ասել են, որ այդ բենզինը հատկացվում է մյուս ծառայություններին»:

Արսեն Արշակյանի հարցաքննությունից հետո պարզվեց, որ դատարան չեն ներկայացել երեք վկաներ: Արմեն Կարապետյանը թուղթ էր ուղարկել, որ գտնվում է Մոսկվայում, Մերուժան Կարապետյանը հիվանդ է եւ պառկած է Սպիտակի հիվանդանոցում, իսկ Նիկողայոս Եղիազարյանին չեն կարողացել ծանուցել: Դատավոր Մխիթար Պապոյանը որոշում է կայացրել հրապարակել երկու վկաների նախաքննական ցուցմունքները, իսկ Եղիազարյանին` կրկին ծանուցել:

Նշենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատիկանիշներով:

Ըստ այդմ, 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին: