Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը զգուշորեն է արձագանքել այն հաղորդումներին, թե պատրաստվում է զբոսաշրջային տուրք սահմանել անգլիական մայրաքաղաքում գիշերող այցելուների համար, հայտնում է BBC News-ը։
Սպասվում է, որ գանձապետ Ռեյչել Ռիվսը սըր Սադիկ Խանին և համայնքային մյուս ղեկավարներին նման լիազորություններ կտրամադրի Անգլիայում լիազորությունների փոխանցման և համայնքների իրավունքների ընդլայնման մասին օրինագծի միջոցով, որն այժմ քննարկվում է խորհրդարանում։
Գնահատականների համաձայն, Լոնդոնում զբոսաշրջային հարկը կարող է տարեկան կազմել մինչև 240 միլիոն ֆունտ ստերլինգ։
Ներկայումս Անգլիան G7-ի (Մեծ յոթնյակի)՝ աշխարհի յոթ խոշորագույն «զարգացած» տնտեսությունների շարքում միակ երկիրն է, որտեղ ազգային կառավարությունը տեղական իշխանություններին կամ քաղաքապետերին թույլ չի տալիս զբոսաշրջային տուրքեր սահմանել։ Շոտլանդիան և Ուելսը վերջերս գիշերակացով հանգստացողների համար հարկերի տարբեր տեսակներ են սահմանել, ընդ որում՝ Շոտլանդիայի տեղական իշխանությունները կարող են սեփական հարկը սահմանել՝ կեցության օրական հաշվի տոկոսադրույքի տեսքով։ 2026 թվականից Ուելսի իշխանությունները կկարողանան այցելուներից գանձել մեկ գիշերվա համար 1,30 ֆունտ ստերլինգ։
Մեծ Լոնդոնի վարչակազմը (GLA) վերջերս դիմել է Centre for Cities վերլուծական կենտրոնին՝ մայրաքաղաքում լիազորությունների հետագա փոխանցման հեռանկարային ոլորտները ուսումնասիրելու խնդրանքով։ Անցած շաբաթ հրապարակված ճեպազրույցում հեղինակները նշել են, որ G7-ի հիմնական քաղաքներում՝ Փարիզում, Մյունխենում, Միլանում, Տորոնտոյում, Նյու Յորքում և Տոկիոյում, գործում է զբոսաշրջային տուրքի երեք տեսակ։ Նյու Յորքը և Տորոնտոն գանձում են կեցության տոկոսային վճար. առաջինի դեպքում տարեկան գումարը կազմում է 493 մլն ֆունտ ստերլինգ, իսկ մեկ գիշերվա միջին արժեքը մեկ այցելուի համար՝ 14,86 ֆունտ ստերլինգ։
Տոկիոյում բոլոր ամրագրումների համար գործում է միասնական ֆիքսված վճար, որն ընդհանուր կազմում է 35 միլիոն ֆունտ ստերլինգ։ Ֆրանսիայում և Իտալիայում վճարման գումարը կախված է գտնվելու վայրից, կացարանի տեսակից և պաշտոնական «աստղային վարկանիշից»։
Հեղինակները ենթադրել են, որ Լոնդոնին ավելի հարմար կլիներ տոկոսային կամ ֆիքսված վճարման համակարգը, քանի որ Մեծ Բրիտանիայում «բացակայում է հյուրանոցների «աստղերի» օրենսդրորեն սահմանված ազգային համակարգը, որը գործում է Ֆրանսիայում և Իտալիայում»։