Ադրբեջանի երիտասարդության շրջանում ստեղծված դրությունը ողբերգական է, քանի որ նրանք վերածվել են գործազուրկ եւ թմրամոլ մի զանգվածի: Նման կարծիք է հայտնել փետրվարի 1-ին տեղի ունեցած Մտավորականների ֆորումի մասնակիցներից Ջամիլ Հեսենլին` հավելելով, որ տերեցտարի նվազում է բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող երիտասարդների թիվը:

Նշենք, որ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւը 1997-ին կարգադրություն ստորագրեց` փետրվարի 2-ը հռչակելով Ադրբեջանի երիտասարդության օր: Այդ կապակցությամբ ադրբեջանցի մտավորականները երիտասարդության սոցիալական խնդիրներին նվիրված ֆորումի շրջանակներում փորձել են  քննարկել ադրբեջանցի երիտասարդների, նրանց ուսման եւ մասնագիտական գործունեության հետ առնչվող բազմաթիվ հարցեր: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները:

Մտավորականները անհանգստացած են երիտասարդության շրջանում ստեղծված իրադրությամբ: Այսպես, Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Գուբադ Իբադօղլուն ներկայացրել է հաշվետվություն, որտեղ նշված է. «2011/2012 ուսումնական տարվա համար նախատեսվում էր մոտ 300 հազար դիմորդի ընդունելություն, սակայն ընդունելության քննություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մոտ 100 հազար դիմորդ»: Ավելին, հաշվետվության արդյունքերը ցույց են տվել, որ ադրբեջանցի երիտասարդության ճնշող մեծամասնությունը` ավելի քան 70 տոկոսը, չի վստահում իշխանություններին, մասնավորապես նախագահ Իլհամ Ալիեւին:

Ֆորումի մասնակիցները կոչ են արել երկրի իշխանություններին հասկանալ, որ Ադրբեջանի ապագան ոչ թե նավթն է, այլ երիտասարդությունը, որի խնդիրները մատնված են ծայրահեղ անուշադրության, իսկ ակտիվիստները գտնվում են բանտերում:

Ուշագրավ է, որ ֆորումը ավարտվել է տարօրինակ միջադեպով. ֆորումի մասնակիցներից մեկը` «Ինամ» («Հավատ») կենտրոնի ղեկավար Վահիդ Գազին, հանդիպման վայրից հեռանալուց հետո, հարձակման է ենթարկվել: Նա «Մեդիա ֆորում» կայքին հայտնել է, որ իր վրա երկու անհայտ անձինք են հարձակվել: Նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել, բայց երբ Գազին օգնություն է կանչել, հանցագործները փախուստի են դիմել: