Համահայկական 5-րդ կրթական խորհրդաժողովը տեղի կունենա 2012թ. օգոստոսի 10-14-ը՝ Հայաստանում: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Խորհրդաժողովները գումարվում են երկու տարին մեկ անգամ՝ սկսած  2004 թվականից: Նպատակը արտերկրի հայկական կրթօջախների հիմնահարցերը, կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման եւ համագործակցության զարգացման ծրագրերը քննարկելն ու  հստակեցնելն է: Խորհրդաժողովները գումարվում են բաց հրավերի տարբերակով, աշխատանքները կազմակերպվում են բաց քննարկումների ձեւով` լիագումար նիստերում եւ թեմատիկ մասնախմբերում:

Համահայկական 5-րդ կրթական խորհրդաժողովում քննարկվելու են  2010 թվականի 4-րդ խորհրդաժողովի ժամանակ ընդունված բանաձեւի դրույթների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, ծրագրամեթոդական առկա հիմնահարցերը, կադրերի պատրաստման եւ վերապատրաստման, փորձի փոխանակման, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նախագծվող միջոցառումները: