Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովում տեղի է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ  դեսպան Ջոն Հեֆերնի եւ Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանի հանդիպումը: Այդ մասին NEWS.am –ին հայտնեցին Հանձնաժողովի մամուլի ծառայությունից: Դեսպանը բարձր է գնահատել մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված Հանձնաժողովի գործունեությունը եւ ընդգծել, որ այն շատ կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ՀՀ-ում գործող ամերիկյան ընկերությունների եւ օտարերկրյա ներդրողների համար ընդհանրապես: ԱՄՆ դեսպանը նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցել Հանձնաժողովին` առաջիկա ծրագրերում:

ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը դեսպանին ներկայացրել է Հանձնաժողովի կայացրած որոշումների վիճակագրությունը` նշելով, որ նախորդ տարիների համեմատությամբ դրանց թիվը մի քանի անգամ ավելացել է: Ա. Շաբոյանը անդրադարձավ նաեւ նախորդ տարի կատարված օրենսդրական փոփոխություններին` ընդգծելով, որ դրանք հնարավորություն են տալիս աշխատելու շատ ավելի արդյունավետ:

Նշվել է նաեւ, որ Հանձնաժողովը մեծ աշխատանք է տանում հասարակության տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ, որպեսզի վերջինները հստակ պատկերացում կազմեն Հանձնաժողովի գործունեության մասին եւ հարկ եղած դեպքում թեժ գծի միջոցով (010 54-40-04) իրենց հուզող խնդիրների մասին տեղեկացնեն Հանձնաժողովին: