Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 2-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանին եւ ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Հարություն Երկանյանին: Ողջունելով սփյուռքահայ գործիչներին՝ վարչապետը նշել է. «Մենք շահագրգռված ենք, որպեսզի ողջ հայության մեջ լինի միասնություն: Դրա համար էլ ստեղծել ենք Սփյուռքի նախարարություն, որի նպատակն է համախմբել համայն հայությանը եւ օժանդակել նրանց բոլոր այն խնդիրների լուծման գործում, որտեղ պետությունը կարող է օգտակար լինել»:

ՌԱԿ ատենապետը շնորհակալություն հայտնելով հյուընկալության համար՝ ներողություն է խնդրել Տիգրան Սարգսյանից՝ իր կուսակիցներից մեկի կողմից վարչապետի  հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքների համար: «Առաջին հերթին ցանկանում եմ իմ ներողամտությունը հայտնել՝ Ձեր նկատմամբ ներկայացված անարդար մեղադրանքների համար: Ես շատ խիստ կերպով խոսել եմ: Դժբախտաբար կան մարդիկ, որոնք քաջալերում են նման քայլերը, ամեն մարդ էլ ցանկանում է վարչապետ դառնալ»,- ասել է Մայք Խարապյանը:

Այս կապակցությամբ վարչապետը նշել է. «Մենք ամեն ինչ հասկանում ենք: Ցանկացած իշխանություն շատ լավ գիտակցում է, որ քաղցր կյանք իրեն չի սպասվում, տարբեր տեսակի զրպարտություններ, մեղադրանքներ միշտ էլ լինում են եւ ես հանգիստ եմ վերաբերում նման բաներին»: 

Այնուհետեւ ՌԱԿ ատենապետը վարչապետին է ներկայացրել է կուսակցության առաջիկա ծրագրերը եւ նշել, որ իրենք պատրաստ են համագործակցել հայրենի իշխանությունների հետ՝ Սփյուռքում հայանպաստ գործունեությանը նոր թափ հաղորդելու նպատակով:

Զրուցակիներն անդրադարձել են նաեւ մեր երկիր հնարավոր ներդրողների ներգրավմանը, լիբանանահայության եւ սիրիահայության խնդիրներին վերաբերող հարցերի: