Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը դրական որոշում կկայացնի Սենատի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ: Այս մասին, այսօր` փետրվարի 3-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Նա վստահություն հայտնեց, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը վեր կկանգնի բոլոր այն առաջարկություններից, որ հնչում են Թուրքիայի իշխանությունների եւ թուրքամետ կազմակերպությունների կողմից:

Ավելին, Մելիքյանի խոսքով, առաջիկայում ականատես կլինենք Եվրոպական այլ երկրների կողմից նույնանման օրենսդրական նախաձեռնությունների եւ ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի առավել ակտիվացման: Նա համոզված է, որ սա հետեւանք է այն գործընթացի, որ իրականացնում է երկրի իշխանությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

«Սա այն պտուղներն են, որը մենք ստանում ենք դրական առումով, որը դեռ երկար ժամանակ շարունակելի կլինի: Տարվա ընթացքում ականատես կլինենք այլ դրական տեղաշարժերի, ոչ միայն ղարաբաղյան խնդրի լուծման, այլեւ ցեղասպանության ճանչման բնագավառում»,- ավելացրեց Գագիկ Մելիքյանը: