Զինվորականների կողմից պաշտոնանկ արված և Գվինեա-Բիսաուից փախուստի դիմած Ումարու Սիսոկու Էմբալոն, լքել է Կոնգոյի Հանրապետությունը և մեկնել Մարոկկո։ Դրա մասին հաղորդում է Jeune Afrique հանդեսը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ պարբերականի՝ Սիսոկու Էմբալոն դեկտեմբերի 3-ի առավոտյան հատուկ չվերթով լքել է աֆրիկյան երկրի մայրաքաղաք Բրազավիլը՝ ուղևորվելով դեպի Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբատ։ Նրա գործընկերները ևս նույն ինքնաթիռում էին։ Պարբերականի տվյալներով՝ Սիսոկու Էմբալոն հնարավոր է՝ երկարաժամկետ քաղաքական ապաստան ստանա Ռաբատում, քանի որ Գվինեա-Բիսաուն նախկինում լավ հարաբերություններ էր պահպանել Մարոկկոյի հետ, մասնավորապես՝ ճանաչելով վերջինիս իրավունքները Արևմտյան Սահարայի նկատմամբ։
Սիսոկու Էմբալոն զինվորականները ձերբակալել էին նոյեմբերի 26-ի կեսօրին՝ նախագահական պալատի իր գրասենյակում և պետական հեղաշրջում իրականացրած մի խումբ սպաների կողմից հեռացվել է իշխանությունից։ Գահընկեց արված նախագահը տարվել է բանակի գլխավոր շտաբի շենք և այնտեղ պահվել մինչև նոյեմբերի 27-ի ուշ երեկո, երբ Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի (ECOWAS) ղեկավարների ճնշման տակ զինվորականները նրան ազատ են արձակել և թույլատրել լքել երկիրը։ Հարևան Սենեգալի կառավարությունն ինքնաթիռ է ուղարկել Գվինեա-Բիսաուի մայրաքաղաք Բիսաու, որով Սիսոկա Էմբալոյին տեղափոխել են Դակար։ Նոյեմբերի 29-ին նա Սենեգալից ժամանել է Բրազավիլ։
Նոյեմբերի 23-ին Գվինեա-Բիսաուում անցկացվել են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Նոյեմբերի 26-ին, նույնիսկ արդյունքների հրապարակումից առաջ, զինվորականները պետական հեղաշրջման միջոցով զավթել են իշխանությունը Գվինեա-Բիսաուում՝ պաշտոնանկ անելով Սիսոկա Էմբալոյին։ Զինվորականները հայտարարել են, որ կասեցրել են բոլոր պետական ինստիտուտների գործունեությունը, և իշխանությունը փոխանցվել է կարգուկանոնի վերականգնման գերագույն ռազմական հրամանատարությանը։ Հեղաշրջում իրականացների ղեկավար գեներալ-մայոր Հորտա Ինտա-ան նոյեմբերի 27-ին ստանձնել է Գվինեա-Բիսաուի անցումային շրջանի նախագահի պաշտոնը։





























