Ուկրաինացիների մեծամասնությունը (51,4%) պատրաստ է փողոց դուրս գալ, եթե երկրի իշխանությունները համաձայնվեն պատերազմը դադարեցնելու անընդունելի պայմանների, հաղորդում է «Европейская правда»-ն՝ հղում անելով «Նոր Եվրոպա» կենտրոնի պատվիրած Info Sapiens սոցիոլոգիական հարցմանը: Հարցման արդյունքներով՝ 44,3%-ը պատրաստ չէ բողոքի ցույցերի, իսկ 4,4%-ը դժվարացել է պատասխանել հարցին:
Ուկրաինացիների քառասուներկու տոկոսը բացարձակապես անընդունելի է համարում օկուպացված տարածքներից ժամանակավորապես հրաժարվելը, ինչը նվազում է նախորդ տարիների համեմատ: Հարցվածների 76,6%-ը կտրականապես մերժում է այդ տարածքների իրավական ճանաչումը որպես Ռուսաստանի տարածք: Հարցվածների 41,1%-ը բացարձակապես անընդունելի է համարում ՆԱՏՕ-ի անդամակցությունից հրաժարվելը, իսկ 51%-ը՝ ԵՄ անդամակցությունից հրաժարվելը: Ուկրաինացիների մեծամասնությունը դեմ է նաև բանակի կրճատմանը (77,9%) և ռուսերենին երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ տրամադրելուն (73%):
Ռուսաստանից փոխհատուցման չափի կրճատումը բացարձակապես անընդունելի համարող ուկրաինացիների բաժինը կազմել է 58,7%: Հարցվածների 65%-ը դեմ է արտահայտվել Ռուսաստանի ղեկավարության և ռազմական հանցագործների նկատմամբ քրեական հետապնդումների դադարեցմանը, իասկ 64,1%-ը՝ պատժամիջոցների վերացմանը։
Հարցումն անցկացվել է 2025 թվականի նոյեմբերի 5-26-ը: Հարցման են ենթարկվել 1000 մարդ։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը մշակել են 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիր: Փաստաթուղթը նախատեսում էր էական զիջումներ Մոսկվային, ներառյալ՝ Դոնբասի ամբողջ տարածքի փոխանցումը Ռուսաստանի վերահսկողությանը, ուկրաինական բանակի թվաքանակի կրճատումը, Կիևի հրաժարումը ՆԱՏՕ-ին անդամակցելուց և Ռուսաստանի պատասխանատվությունից ազատումը ռազմական հանցագործությունների համար։
Կիևը հայտարարել է, որ չի համաձայնի որոշակի պայմանների, դրանց թվում՝ Դոնբասի այն մասի փոխանցումը Ռուսաստանին, որը ռուսական զորքերը չեն կարողացել գրավել: Վլադիմիր Պուտինը, իր հերթին, հայտարարել է, որ ռազմական գործողությունները կդադարեն միայն այն բանից հետո, երբ ուկրաինական բանակը լքի «օկուպացված տարածքները»։





























