Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր` փետրվարի 3-ին, մասնակցել է Երեւանի  ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի խորհրդի այս տարվա առաջին նիստին եւ ընտրվել խորհրդի նախագահ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստին ներկա է գտնվել նաեւ  ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի օրակարգում ընդգրկված խորհրդի նախագահի ընտրության հարցի քննարկման շրջանակում խորհրդի անդամները առաջադրել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը: Առաջադրմանը հաջորդած բաց քվեարկության արդյունքում Տարոն Մարգարյանը միաձայն ընտրվել է Երեւանի  ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահ:

«Թե ճարտարապետությունը եւ թե շինարարությունը Երեւան քաղաքի դեմքն են: Համալսարանի աջակցությամբ մենք կարող ենք պահպանել այդ դիմագիծը: Քաղաքապետարանի համագործակցությունը բուհի հետ հնարավորությունների լայն դաշտ է ստեղծում ինչպես ուսանողների, այնպես էլ մեր քաղաքի համար»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Օրակարգի հաջորդ հարցի շրջանակում ԵՃՇՊՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը` ներկայացնելով 2011 թվականի ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը, նշել է, որ բուհը կարեւորում է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված ծրագրերի խթանումը, ուսանողների սոցիալական խնդիրների հաղթահարումն ու արտերկրից ուսանողական հոսքերի ավելացումը: Դրական գնահատելով նախորդ տարում իրականացրած աշխատանքները` խորհուրդը հաստատել է համալսարանի 2012 թվականի բյուջեն: