Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը որոշել է փոխել երկրի ռազմական հրամանատարությունը՝ պաշտպանության նոր նախարարի պաշտոնը ստանձնելու նախաշեմին։ Այս մասին հայտնել է հանրապետության կառավարության ղեկավար Մանուել Ադորնին։

«Երկրի նախագահը, որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, որոշել է հետևյալը. դիվիզիոն գեներալ Օսկար Սարիչը կդառնա ցամաքային զորքերի հրամանատար, փոխծովակալ Խուան Կառլոս Ռոմայը՝ ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Մարսելո Դալյե Նոգարեն՝ ԶՈւ միացյալ շտաբի պետ», – գրել է նա X-ում։ Միևնույն ժամանակ, Միլեյը ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնում թողել է Գուստավո Վալվերդեին։

Ցամաքային զորքերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Կառլոս Ալբերտո Պրեստին, ով, ինչպես հայտարարվել էր նոյեմբերի 22-ին, դառնալու է պաշտպանության նոր նախարար, X-ում հայտնել է, որ կադրային տեղաշարժերի մասին որոշումն ընդունվել է իր առաջարկի հիման վրա։

Պրեստին դեռևս երդում չի տվել որպես պաշտպանության նախարար։ Նա կփոխարինի Լուիս Պետրիին, ով ընտրվել էր խորհրդարանի անդամ։ Պրեստին կլինի առաջին զինվորականը, որը կղեկավարի Արգենտինայի պաշտպանության նախարարությունը 1983 թվականից ի վեր։