Չինաստանը հույս ունի Ուկրաինայի հարցում հասնել այնպիսի խաղաղության համաձայնագրի, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսում։

«Այսօրվա աշխարհը բավականին անհանգիստ է. միջազգային քաղաքական վեճերն ու հակամարտությունները բռնկվում են բազմաթիվ կետերում, դրանք բարդ են և դժվար լուծելի։ Ինչ վերաբերում է ուկրաինական ճգնաժամին, ապա Չինաստանն աջակցում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերին և հույս ունի, որ բոլոր կողմերը երկխոսության և բանակցությունների միջոցով կհասնեն արդար, երկարատև, պարտադիր ուժ ունեցող խաղաղության համաձայնագրի, որն ընդունելի կլինի բոլոր ներգրավված կողմերի համար։ Չինաստանը շարունակելու է կառուցողական դեր խաղալ ճգնաժամի քաղաքական կարգավորման գործում և միևնույն ժամանակ վճռականորեն դեմ է արտահայտվում մեղքը ուրիշի վրա բարդելուն և ցանկացած անպատասխանատու գործելակերպը սևացնելուն»։