ԱՄՆ սենատորների մի խումբ ներկայացրել է բանաձև, որով պահանջում է, որ Թրամփի վարչակազմը զերծ մնա Վենեսուելայի դեմ ռազմական ուժ կիրառելուց՝ առանց օրենսդիր մարմնի հաստատման։ Այս մասին ասվում է Ներկայացուցիչների պալատի անդամ Թիմ Քեյնի (դեմոկրատ, Վիրջինիա) կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Քեյնի, սենատորներ Ռենդ Փոլի (Կենտուկիից հանրապետական), Ադամ Շիֆի (Կալիֆոռնիայից դեմոկրատ), ինչպես նաև Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերի (Նյու Յորքից) կողմից պատրաստված փաստաթուղթն ուղղված է կանխելու ԱՄՆ ԶՈւ-ի մասնակցությունը «Վենեսուելայի տարածքում կամ նրա դեմ ուղղված ռազմական գործողություններին, եթե դա չի հաստատվի Կոնգրեսի կողմից»։ Օրենսդիրները կենտրոնացել են այն հանգամանքի վրա, որ Թրամփը դեկտեմբերի 2-ին հայտարարել էր ԱՄՆ ուժերի «շատ շուտով» ցամաքային թիրախներին հարվածներ հասցնելու պատրաստակամության մասին Լատինական Ամերիկայում՝ թմրամաֆիայի դեմ պայքարի շրջանակներում։

«Ամերիկացիները չեն ցանկանում, որ իրենց ներքաշեն Վենեսուելայի հետ անվերջ պատերազմի մեջ՝ առանց հրապարակային քննարկման կամ քվեարկության», – ընդգծել է Փոլը, ով հետևողականորեն դեմ է արտահայտվում ԱՄՆ-ի միջամտությանը այլ պետությունների գործերին։

Բանաձևում շեշտվում է, որ ԱՄՆ-ում միայն օրենսդիր մարմինն ունի պատերազմ հայտարարելու լիազորություն։ «Կոնգրեսը պատերազմ չի հայտարարել Վենեսուելային կամ Վենեսուելայում որևէ անձի կամ կազմակերպության, ինչպես նաև թույլտվություն չի տվել ռազմական ուժ կիրառել Վենեսուելայի տարածքում կամ նրա դեմ», – ընդգծվում է փաստաթղթում։ Վաշինգտոնը պետք է նաև դադարեցնի Վենեսուելայի դեմ ուժի նման կիրառումը, ասվում է տեքստում։

Նոյեմբերին ԱՄՆ Կոնգրեսի Սենատը չի ընդունել նույնատիպ բովանդակությամբ բանաձևը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 49 օրենսդիր, դեմ՝ 51-ը։ Բանաձևի հաստատման համար պահանջվում էր ձայների մեծամասնությունը։ Օրենսդիր մարմնի երկու պալատներն էլ ներկայումս գտնվում են իշխող Հանրապետական կուսակցության վերահսկողության տակ։

Նոյեմբերին CNN հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Թրամփի վարչակազմը հույս ունի Արդարադատության նախարարությունից ստանալ իրավական եզրակացություն, որը կարդարացներ Վենեսուելայի ցամաքային թիրախներին հարվածներ հասցնելը՝ առանց Կոնգրեսից ռազմական ուժի կիրառման թույլտվություն հայցելու անհրաժեշտության։