Լիտվայի զինված ուժերի ստորաբաժանումներ կտեղակայվեն Բելառուսի հետ սահմանին՝ Լիտվայի անվտանգությունն ամրապնդելու համար, հաղորդում է Լիտվայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ցամաքային զորքերի, ռազմական ոստիկանության, ռազմաօդային ուժերի և նյութատեխնիկական ապահովման ուժերի զինծառայողներից ձևավորվում են խաղաղ ժամանակի օպերատիվ խմբեր, որոնք ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցների հետ համատեղ կիրականացնեն Լիտվայի տարածք մետեոզոնդերով մաքսանենգության կանխարգելմանը վերաբերող խնդիրներ», – ասվում է հաղորդագրության մեջ։ «Օպերացիայի տևողությունը կախված կլինի դրա արդյունքներից և արդյունավետությունից»։

Հոկտեմբերին Վիլնյուսի օդանավակայանը մի քանի անգամ ստիպված փակվել է, ինչը պայմանավորված է մաքսանենգ ծխախոտ տեղափոխող օդապարիկներով։ Նման միջադեպերի աճից հետո Լիտվան որոշել է մինչև նոյեմբերի վերջ փակել Բելառուսի հետ սահմանային անցակետերը։ Հարյուրավոր լիտվական բեռնատարներ մնացել են Բելառուսում՝ չկարողանալով վերադառնալ Լիտվա։ Բելառուսի կառավարությունը սկզբում սահմանափակել է նրանց տեղաշարժը, ապա որոշել է ազատ արձակել վարորդներին և բեռնատարները թողնել նախատեսված կայանատեղիներում։ Լիտվայի կառավարությունը վաղաժամկետ վերաբացել է սահմանը, սակայն բեռնատարները մինչ օրս չեն կարողացել վերադառնալ Բելառուսից, իսկ մետեոզոնդերի հետ կապված միջադեպերը շարունակվում են։