Ճապոնիայի կառավարությունը պլանավորում է 2026 ֆինանսական տարում (ավարտվում է 2027 թվականի մարտի 31-ին) ստեղծել Ազգային հետախուզական գործակալություն (NIA), որը մասամբ ստեղծվելու է ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) մոդելով, հաղորդում է Nikkei թերթը։
Ըստ տվյալների՝ Ազգային հետախուզական վարչությունը (ԱՀՎ) կձևավորվի արդեն գոյություն ունեցող Նախարարների կաբինետի Հետազոտական բյուրոյի հիման վրա, որը վերլուծում է տեղեկատվություն, որը ստացվում է, մասնավորապես, բաց աղբյուրներից և այլ գերատեսչություններից, ինչպես նաև ԱՄՆ-ից ու արբանյակային հետախուզության միջոցով։ Նոր կառույցը կհամակարգի Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության, ոստիկանության և Արդարադատության նախարարության շրջանակներում գործող հետախուզական և հակահետախուզական ստորաբաժանումների գործունեությունը։ ԱՀՎ-ի ստեղծման մասին օրինագիծը 2026 թվականին կփոխանցվի խորհրդարանի քննարկմանը։
Հավանաբար ստեղծվելու է նաև Ազգային հետախուզական խորհուրդ, որի կազմում կընդգրկվեն վարչապետը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ ԱՀՎ-ն իր կարգավիճակով կհավասարեցվի Ազգային անվտանգության խորհրդին (ԱԱԽ), որը համակարգում է, մասնավորապես, արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերը։ ԱԱԽ-ի աշխատանքներին նաև մասնակցում են վարչապետը և գլխավոր նախարարները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Yomiuri թերթը, Ազգային հետախուզական վարչության ղեկավարը անմիջապես ենթարկվելու է վարչապետին և կաբինետի գլխավոր քարտուղարին։ Այս կառույցին լիազորություններ կտրվեն՝ նախարարություններին և գերատեսչություններին հրահանգներ տալու վերաբերյալ։ Ավելի վաղ վարչապետ Սանաե Տակաիչին բազմիցս հանդես էր եկել Ճապոնիայում Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) օրինակով կազմակերպություն ստեղծելու օգտին։




























