ԱՄՆ վարչակազմի գլոբալ անվտանգության ռազմավարության փաստաթղթերը, որոնց հրապարակմանը ԱՄՆ դաշնակիցները անհամբեր սպասում էին ամիսներ շարունակ, հավանաբար կհրապարակվեն դեկտեմբերին։ Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ նրանց տվյալների՝ Ազգային պաշտպանության ռազմավարության և Ազգային անվտանգության ռազմավարության ակնարկների հրապարակման ուշացումը մասամբ պայմանավորված էր «փոփոխություններով, որոնց վրա պնդում էր ֆինանսների նախարար Սքոթ Բեսսենթը Չինաստանի վերաբերյալ»։ Փոխկապակցված փաստաթղթերը մի քանի անգամ լրամշակման են ենթարկվել այն բանից հետո, երբ Բեսսենթը «պահանջել է հստակեցնել Չինաստանի քննարկման վերաբերյալ օգտագործվող ձևակերպումները»՝ հաշվի առնելով Պեկինի հետ ընթացիկ առևտրային բանակցությունների նրբերանգը և նախորդ վարչակազմերի դիրքորոշումների համեմատ Արևմտյան կիսագնդի առաջնահերթության բարձրացումը, նշել են աղբյուրները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ամիսներ շարունակ մասնակցել է Պեկինի հետ մաքսատուրքերի և այլ հարցերի շուրջ զգայուն առևտրային բանակցություններին, սակայն Պենտագոնը շարունակում էր պնդել, որ Չինաստանը մնում է Միացյալ Նահանգների գլխավոր հավանական ռազմական հակառակորդը, ասվում է հրապարակման մեջ։ Բեսսենթի պահանջներից հետո փոփոխությունների մասշտաբը մնում է անհայտ, սակայն, ըստ աղբյուրների, ֆինանսների նախարարը «ցանկացել է մեղմացնել Չինաստանի գործողություններին վերաբերող որոշակի ձևակերպումներ»՝ դրա վերաբերյալ տրամադրելով ավելի մանրամասն տեղեկություններ։

Փաստաթղթում ցանկացած փոփոխություն կպահանջի նույնատիպ փոփոխություններ նաև մյուսում, քանի որ դրանք պետք է լինեն համաժամանակեցված և արտացոլեն միասնական մոտեցում։ Ազգային պաշտպանության ռազմավարությունը (ԱՊՌ) և Ազգային անվտանգության ռազմավարությունը (ԱԱՌ), որոնք Սպիտակ տունն ի սկզբանե պատրաստվում էր ներկայացնել սեպտեմբերի սկզբին, «գրեթե պատրաստ են և ամենայն հավանականությամբ, կհրապարակվեն այս ամիս», նշում է Politico-ն։

Պարբերականը մեջբերում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարությունը, որում ասվում է, որ Բեսսենթը «100%-ով համաձայն է նախագահ Թրամփի, ինչպես նաև ներկայիս վարչակազմի բոլոր մյուս անդամների հետ այն հարցում, թե ինչպես է լավագույնս կառուցել հարաբերությունները Չինաստանի հետ»։ Ազգային պաշտպանության ռազմավարության (ԱՊՌ) նախորդ ոչ գաղտնի տարբերակը հրապարակվել էր 2022 թվականի հոկտեմբերին Ջո Բայդենի գլխավորած ԱՄՆ նախկին վարչակազմի կողմից։ Դրանում, մասնավորապես, ասվում էր, որ Միացյալ Նահանգները կզսպի Ռուսաստանին և կձեռնարկի փորձեր՝ Չինաստանի հետ մրցակցությունում գերակայություն ձեռք բերելու համար։ Միևնույն ժամանակ, փաստաթղթում պնդվում էր, որ ՌԴ-ն անմիջական սպառնալիք է ներկայացնում համաշխարհային կարգուկանոնի համար։

Ակնկալվում է, որ ներկայիս ռազմավարությունն ավելի մեծ շեշտադրում կդնի Արևմտյան կիսագնդի վրա: Նախորդ փաստաթղթերը կենտրոնացած են եղել Մերձավոր Արևելքի, ահաբեկչության դեմ պայքարի, Չինաստանի և Ռուսաստանի վրա: Նոր ռազմավարական մոտեցումը կներառի այս թեմաները, բայց կկենտրոնանա նաև այնպիսի ասպեկտների վրա, ինչպիսիք են միգրացիան, թմրամիջոցների կարտելները և Լատինական Ամերիկայի հետ հարաբերությունները: