Ինդոնեզիայի Սումատրա կղզում ջրհեղեղներից և սողանքներից առաջացած տնտեսական վնասները կարող են հասնել մոտավորապես 68.67 տրիլիոն ինդոնեզական ռուփիի (4.1 միլիարդ դոլար)։ Այս մասին հաղորդում է The Jakarta Post-ը՝ հղում անելով Ինդոնեզիայի տնտեսական և իրավական հետազոտությունների կենտրոնի (Celios) տվյալներին։

Վնասը գնահատվում է ասիական հանրապետության համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 0.29%-ին համարժեք։ Նշվում է, որ տուժած նահանգներում տրանսպորտի խափանումը, հավանաբար, տնտեսական ակտիվության անկման կհանգեցնի նաև երկրի այլ շրջաններում։

Ինդոնեզիայի Ազգային որոնողափրկարարական գործակալությունը հայտնել է, որ բնական աղետը հրահրվել է տեղատարափ անձրևների կողմից, որոնք տարածաշրջանում շարունակվում են արդեն մեկ շաբաթից ավելի։ Ցեխային հոսքերը վնասել են բնակելի շենքերը, ճանապարհները և ենթակառուցվածքները, ինչը դժվարացրել է փրկարարների մուտքը առավել տուժած շրջաններ։ Տարերքի պատճառով զոհվել է ավելի քան 800 մարդ։