Երեւանի կանաչ գոտիների պահպանման եւ ընդլայնման նպատակով ստեղծվել է մասնագիտացած աշխատանքային խումբ, որը կգույքագրի մայրաքաղաքում առկա կանաչ տարածքներն ու կհամարակալի ծառերը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս ուղղությամբ գործնական առաջին քայլերն արդեն իսկ արվել են, որի շրջանակում, մասնավորապես, գույքագրվել եւ համարակալվել են Գլխավոր պողոտայի Մարգարյանի անվան «Մոր եւ մանկան առողջության պահպանման» ԳՀԿ-ի հարակից տարածքի բոլոր ծառերը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբը մինչեւ տարեվերջ  պետք է գույքագրի մայրաքաղաքի կանաչ տարածքներն ու համարակալի ծառերը, որի հիման վրա կկազմվի առկա ծառերի եւ կանաչ գոտիների մասնագիտական քարտեզ, որը հնարավորություն կընձեռի վերահսկել մայրաքաղաքի կանաչ գոտիները, այդ թվում նաեւ տնտեսական գործունեություն իրականացնող ընկերությունների կողմից տվյալ տարածքներում ծառերի եւ թփերի նկատմամբ խնամքն ու դրանց պահպանումը: Հատկապես վերջինի մասով կդրվի նաեւ պայմանագրային խիստ պահանջ, համաձայն որի ծառերի ու կանաչ գոտիների նկատմամբ չնախատեսված կամ ոչ մասնագիտական յուրաքանչյուր միջամտության դեպքում տվյալ ընկերությունը կպատժվի օրենքով սահմանված կարգով:

Աշխատանքային խմբի ղեկավար, քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանի հավաստմամբ, աշխատանքային խումբը նաեւ կգույքագրի եւ քաղաքապետին կներկայացնի առաջարկներ բոլոր այն տարածքների վերաբերյալ, որտեղ հնարավոր կլինի կանաչապատման եւ անտառվերականգնման ծրագրեր իրականացնել:

Նշենք նաեւ, որ այս տարի մայրաքաղաքում նախատեսվում է տնկել շուրջ 10 հազար մշտադալար ծառեր ու թփեր, ավելի քան 20 հազար դեկորատիվ ծառեր: Բացի այդ նախատեսվում է վարչական շրջաններում անցկացնել 20 հազար գծամետր ոռոգման ցանց, ինչպես նաեւ ավելի քան 1մլն 700 հազար տարատեսակ ծաղիկներով ավելացնել ծաղկային տարածքները` հասցնելով այն 5,5 հեկտարի: