ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, փետրվարի 6-ին, կկայանա «Դատական իշխանության կայացման ընթացքն ու հիմնախնդիրները արդի ժամանակշրջանում» վերտառությամբ եռօրյա միջազգային ձմեռային դպրոցի բացման արարողությունը:
Միջոցառման նպատակն է իրավագիտության ոլորտում, հատկապես դատական իշխանության բնագավառում առավել խորքային ուսումնասիրությունների անհրաժեշտության եւ արդիականության վերհանումը, իրավագիտության բնագավառում մասնագիտացող ուսանողների որակյալ վերապատրաստումը, նրանց պրակտիկ գիտելիքների մակարդակի բարձրացումը, հիշյալ բնագավառի դասախոսների եւ պրակտիկ աշխատողների միջեւ միջազգային համագործակցության եւ փոխօգնության մշակույթի ձեւավորումն ու խթանումը:
Միջոցառմանը մասնակցելու են 14 ուսանողներ, որոնց կեսը Երեւանի եւ Արցախի պետական համալսարանների ուսանողներն են, իսկ մյուս մասնակիցները ներկայացնում են Վրաստանի Թբիլիսիի պետական եւ Հումանիտար համալսարանները եւ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը:
Բացման խոսքով հանդես կգան ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ՀՀ իրավաբանների միության նախագահ Գագիկ Ղազինյանը, ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական Գեւորգ Դանիելյանը եւ Սահմանադրական հետազոտման եւ աջակցության տարածաշրջանային կենտրոնի Վրաստանի ներկայացուցիչը:
Ձմեռային դպրոցի եռօրյա դասընթացներին դասախոսություններով հանդես կգան նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյանը եւ ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթեւոսյանը, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի օգնական Անահիտ Մանասյանը:




























