Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երեւանի «365 գրուպ» եւ «Մուրադ սար» ձեռնարկություններ: Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի եւ գյուղատնտեսության նախարարներ Տիգրան Դավթյանի եւ Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ ճանաչողական շրջայց է կատարել ձեռնարկություններում՝  ծանոթացել վերջիններիս արտադրական գործընթացներին եւ առաջիկա ծրագրերին:

«365 գրուպ»-ն արտադրում է խաղողի, նռան, սերկեւիլի, մոշի, բալի եւ այլ մրգային գինիներ, ինչպես նաեւ « Passion de Pineau» 2-ից 10 տարի հնեցմամբ թնդեցված գինիներ: Այն հանդիսանում է ՀՀ-ում մրգային գինիներ արտադրող առաջատար ընկերություններից մեկը եւ գործող « Passion de Pineau» գինու միակ արտադրողը: Ընկերության արտադրանքների հիմնական արտահանման շուկաներն են հանդիսանում Ռուսաստանը եւ Գերմանիան:

Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (ՖՐԵԴԱ) ներդրումային կոմիտեի հաստատած ներդրումային ծրագրով եւ ընդհանուր 200 մլն դրամ ներդրումային գումարով ընկերությունն իրականացրել է արտադրական միջոցների վերազինման աշխատանքներ՝ ներկրելով արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ եւ գինենյութի պահպանման տարաներ Իտալիայից, Բուլղարիայից եւ Վրաստանից:

Պարենի արտադրության միջազգային ստանդարտների ներդրման եւ համապատասխանեցման համար ընկերությունն իրականացրել է արտադրական ու հարակից պահեստային, ինչպես նաեւ գրասենյակային տարածքների հիմնանորոգման աշխատանքներ՝ համապատասխանելով ISO 22000:2005 սերտիֆիկատի պահանջներին;

 2011 թվականի ընթացքում «365 գրուպ»-ն իրականացրել է 440 տոննա խաղողի եւ մրգերի մթերում՝ հասցնելով արտադրական ներուժը տարեկան շուրջ 500 հազար շիշ՝ նախկին 100 հազար շշի փոխարեն: 2011-ին ընկերության արտադրանքի զուտ իրացման աճը  2010-ի համեմատ կազմել է 195 տոկոս, իսկ արտահանման ծավալը կազմել է 69,1 մլն դրամ՝ նախորդ տարվա 33,7 մլն դրամի փոխարեն:

Ընթացիկ տարում ընկերությունը նախատեսում է իրացման ծավալներն ավելացնել 43, իսկ արտահանումը՝ 25 տոկոսով: Ներկայում ընկերությունն ունի 30 աշխատող: Վերազինման եւ վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում:  

Կառավարության նախաձեռնությամբ հանրապետությունում պոնիվինիլքլորիդի հիմքի վրա արտադրատեսակների արտադրությունը խթանելու եւ պատրաստի արտադրատեսակների ներմուծումը տեղականով փոխարինելու նպատակով 2011-ի դեկլտեմբերին փոփոխությունէ կատարվել  «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում: Դրանով՝  պոնիվինիլքլորիդի պոլիմերների ներմուծման դեպքում մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե վճարման ժամկետը հետաձգվում է հայտարարագրման օրվանից մեկ տարի ժամկետով:

«Մուրադ սար» ընկերությունը մասնագիտացված է պոնիվինիլքլորիդային հումքից մետաղապլաստե պրոֆիլների, ինչպես նաեւ դրանց հիմքի վրա՝ դռների ու պատուհանների արտադրությամբ: Հումքը ներկրվում է Ֆրանսիայից, Բելգիայից, Գերմանիայից, Հարավային Կորեայից, իսկ Ավստրիայում վերապատրաստված մասնագետների շնորհիվ արտադրվում է եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանք:

Վրացական եւ իրանական շուկա մուտք գործելու շնորհիվ 2011-ին ընկերության արտադրանքի ծավալները կրկնապատկվել են՝ հասնելով մինչեւ 2000 տոննայի: «Մուրադ սար»-ը նախորդ տարի թողարկել է  932 նմլն դրամի արտադրանք, որն ավելի քան 2,3 անգամ գերազանցում է 2010-ի ցուցանիշները: Իրան եւ Վրաստան արտահանման ծավալները կազմել են 339 մլն դրամ: Արդեն իսկ առաքվել է Վրաստան 150 տոննա պրոֆիլների առաջին խմբաքանակը: Նախատեսվում է մինչ տարեվերջ ընդլայնել վրացական շուկայում ներկայացվածությունը, ինչի նպատակով ԱՄՆ-ից ներկրվել է 2000 տոննա պոլիվինիլքլորիդի բարձրորակ հումք:

Ընկերությունում աշխատում է 37 մարդ: Միջին աշխատավարձը կազմում է 170 հազար դրամ:

Արտադրության զարգացման նպատակով 2011-ին ձեռք է բերվել 296 հազար եվրո արժողությամբ հոսքագիծ եւ անհրաժեշտ սարքավորումներ, ինչպես նաեւ իրականացվել է 9,7 մլն դրամի շինարարական աշխատանք: Այս միջոցառումների շնորհիվ ընկերությունը 2012-ին կանխատեսում է իրացման ծավալների 20 տոկոսանոց աճ:

Ձեռնարկությունն ունի հավելյալ էլեկտրաէներգիայի խնդիր: Վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին՝ գտնել խնդրի լուծման տարբերակներ: