Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ), որը գլխավորում է վարչապետ Սանաե Տակաիտիին, նախատեսում է 2027թ․ բարձրացնել եկամտահարկը՝ պաշտպանության ծախսերի աճը ֆինանսավորելու համար: Kyodo գործակալությունը հաղորդել է, որ այս նպատակով կօգտագործվեն հատուկ հարկային գանձումներ եկամտահարկի շրջանակում։
Դեռեւս մինչեւ Տակաիտիի պաշտոնն ստանձնելը Ճապոնիան որոշել էր 2028թ․ մարտից հետո ավարտվող հինգ տարվա ընթացքում պաշտպանության ծախսերը հասցնել 43 տրիլիոն իենի (մոտ 278 միլիարդ դոլարի): Այդ ֆինանսավորումը նախատեսվում է ապահովել կորպորատիվ հարկերի եւ ծխախոտի ակցիզային հարկերի բարձրացման միջոցով, որոնք կբարձրանան 2026թ․ ապրիլից: Բարձրացված եկամտահարկի ներդրման ժամկետը դեռեւս որոշված չէ՝ հաշվի առնելով գնաճը։
Միեւնույն ժամանակ, բնակչության բեռը թեթեւացնելու համար նախատեսվում է կրճատել 2011թ․ երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքների վերացման տուրքը, որը եկամտային հարկի մաս է կազմում: Սակայն այս հարկի վճարման վերջնաժամկետը, որը նախկինում ներդրվել էր որպես ժամանակավոր միջոց, կերկարաձգվի՝ ապահովելու համար, որ վճարման ժամանակահատվածում հավաքագրվի նախատեսված ընդհանուր գումարը: ԼԴԿ-ն ակնկալում է, որ մինչեւ 2028թ․ մարտը պաշտպանական ծախսերի համար լրացուցիչ հարկային եկամուտները կկազմեն տարեկան մոտ 1 տրիլիոն իեն (մոտավորապես 6.5 միլիարդ դոլար):
«Ճապոնիայի վերականգնման հասարակություն» կուսակցությունը, որի հետ ԼԴԿ-ն կոալիցիա է կազմել՝ խորհրդարանում մեծամասնություն ապահովելու համար, դեմ է պաշտպանական ծախսերի աճը ծածկելու համար հարկերի բարձրացմանը:
Ճապոնիան ներկայում պաշտոնապես նպատակ է դրել մինչեւ 2027թ․ ռազմական ծախսերը հասցնել համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2 տոկոսին: Վարչապետ Տակաիտին մտադիր է արագացնել գործընթացը՝ այդ նպատակին հասնել մինչեւ 2026թ․ ապրիլը: Այս առումով ԼԴԿ-ն ներկայում աշխատում է թարմացված ազգային անվտանգության ռազմավարության վաղաժամկետ ընդունման վրա: Փաստաթուղթը, որը վերջին անգամ թարմացվել է 2022թ․ դեկտեմբերին, սահմանում է Տոկիոյի իրավունքը՝ հակագրոհներ սկսելու պոտենցիալ հակառակորդի տարածքում գտնվող թիրախների դեմ: Այս հնարավորությունները ձեռք բերելու համար Ճապոնիան նախատեսում է մեծացնել իր 12 տիպի հրթիռների հեռահարությունը, մշակել սեփական հիպերձայնային զենքեր եւ գնել ամերիկյան Tomahawk թեւավոր հրթիռներ:





























