Հայ առաքելական եկեղեցին այսօր` փետրվարի 4-ին, նշում է Սուրբ Սարգսի տոնը: Այդ կապակցությամբ NEWS.am-ը փորձեց պարզել, թե ինչպես են սիրո տոնը նշում մեր քաղաքական գործիչները, ի՞նչ խենթություններ են արել հանուն սիրո, ինչպիսի՞ սիրային պատմություն են ունեցել եւ այլն:
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի կարծիքով` կյանքի բոլոր առաջընթացները սիրո հետեւանք են, եւ նա կցանկանար, որ բոլոր երիտասարդները սիրեին այնպես, ինչպես ինքն է սիրում եւ այնքան, ինչքան ինքն է սիրում: ՀՀԿ-ական պատգամավորը անկեղծացավ եւ պատմեց, որ դեռեւս 7-րդ դասարանից սիրահարվել է իր համադասարանցուն ու սիրելիի հետ էլ ամուսնացել է:«Սերը խենթությունների հետեւանք է: Տարիներ շարունակ ամեն առավոտ թաքուն վարդեր էի գցում այն պատշգամբում, որտեղ ապրում էր իմ ընկերուհին»,- ասաց նա` հավելելով, որ ռոմանտիկան այժմ էլ պահպանվել է եւ տարիների հետ անընդհատ առավելագույնին է հասնում: Նրա խոսքով` երբ որոշակի վատ վիճակում էր ապրում, սիրելիին նվիրում էր շատ սովորական սպիտակ ծաղիկներ` քրիզանթեմներ, այդ ավանդույթը պահպանվել է եւ այժմ։ Արդեն պատգամավոր Գալուստ Սահակյանը եւս սպիտակ ծաղիկներ է նվիրում` կախված առիթից 3, 5, 7 հատ: «Ծաղիկների խորհուրդը պահպանվել է, ոչինչ չի փոխվել, դա մեր փոխհարաբերությունների ամենավառ արտահայտություն է»,- ասաց նա: Սուրբ Սարգսի տոնին Գալուստ Սահակյանը պատրաստվում է իր կնոջը նվիրել սպիտակ քրիզանթեմներ։ Սովորական, էժան, բայց սիրող ամուսինների համար յուրահատուկ եւ ամենաթանկ նվերը: «Սերը այնպիսին է, որ մշտապես ուզում ես նվեր տաս եւ դրանով ապացուցես կրկնակի անգամ քո սերը: Իհարկե, խորհուրդ ունեցող նվերներ, անակնկալներ»,- ասաց նա:
Բացի ծաղիկներից` Գալուստ Սահակյանը դպրոցական տարիներին սիրելիի համար երգում էր եւ նվագում, սովորաբար ինքը նվագում էր, իսկ սիրելին երգում էր: Ի դեպ, պատգամավորի սերը տարիներով փորձվել եւ բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել: Բանն այն է, որ աղջկա ծնողները չէին ուզում Գալուստ Սահակյանին աղջիկ տալ: «Մի քիչ խելառ երիտասարդ էի, ծնողների տրտունջներ կային, բայց մեր սերը անխոցելի էր, միշտ յուրահատուկ եմ եղել, ինչպես այսօր»,- ասաց նա: Ինչ վերաբերում է ռոմանտիկ ընթրիքներին, ապա Գալուստ Սահակյանը հայտնեց, որ իրենց բոլոր երեկոներն ու առավոտները ռոմանտիկ են: «Բայց մինչեւ այսօր իրար սեր չենք խոստովանել, որովհետեւ հենց արտաբերեցիր, արդեն սովորական է դառնում»,- ասաց պատգամավորը: Նա նաեւ հակադրվեց բանաստեղծ Պարույր Սեւակին` նշելով, որ ոչ թե սիրում են կրկին, այլ սիրում են մեկ անգամ: Ավելին, Գալուստ Սահակյանը անկեղծացավ եւ հայտնեց, թե ինչն է իրեն օգնում կյանքում. «Եթե սիրո ռոմանտիկան չկա, մարդ չի կարող ոչ քաղաքական գործիչ լինել, ոչ էլ պետական այր»,- ասաց նա:
Մեկ այլ պատգամավոր` «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ Սուրբ Սարգիսը նշելու, իրար նվերներ տալու տարիքից դուրս է եկել: «Ես այն սերնդին չեմ պատկանում, որ այդ տոնը որպես մշակույթ իր մեջ կրեր»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով` երիտասադության տարիներին սիրո տոնը նշելը տարածված չէր, չնայած աղաբլիթ ուտում էին: Օրինակ` ինքը եւս աղաբլիթ կերել է, բայց չի էլ հիշում, թե ում է տեսել: Պատգամավորի խոսքով` սիրո հողի վրա արած ամենամեծ խենթությունը երեխա ունենալն է, «երբ բնությունը այնքան է խենթանում, որ նոր կյանք է ծնվում»: «Եթե տիեզերքի հետ չհաղորդակցվես, ապա բնության մեջ այդ իրադարձությունը տեղի չի ունենա, ես խենթերից մեկն եմ, բայց ինձնից խենթերն էլ կան»,- ասաց 4 երեխաների մայրը:
Հանուն սիրո` այլ խենթություններ Զարուհի Փոստանջյանը եւս արել է, բայց չցանկացավ դրանք դեպք առ դեպք մանրամասնել: «Ես այն երջանիկ մարդկանցից եմ, որ ցնցող անակնկալներ կյանքը ինձ պարգեւել է»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Ինչ վերաբերում է պատգամավորի սիրո պատմությանը, ապա նա պատմեց, որ 17 տարեկանում իր ամուսնուն հանդիպել է համակուրսեցու ծննդյան տոնակատարության ժամանակ, այնուհետեւ սիրահարվել են, հանդիպել են, ընկերացել եւ ամուսնացել: Ամուսնու կողմից ամենագեղեցիկ եւ ամենալավ անակնկալը Զարուհի Փոստանջյանի համար երեխաներն են: Ի դեպ, ամուսինը պատգամավոր կնոջը խոստացել է ջութակ նվագել իր համար, սակայն մինչ օրս չի արել, փոխարենը` շատ գեղեցիկ երաժշտություններ է հրամցնում: «Մինչեւ ամուսնանալը մեր ամբողջ տունը ծաղիկներ էին, իսկ ամուսնությունից հետո ծաղիկներ լինում են, բայց ոչ ամեն օր ու այդքան շատ»,- ասաց նա: «Ժառանգության» պատգամավորը շնորհավորեց սիրող սրտերին տոնի կապակցությամբ` մաղթելով.
«Ես ուզում եմ, որպեսզի կանայք եւ տղամարդիկ միշտ սերը պահեն իրենց մեջ, երբեք չդադարեն սիրել, եւ սիրո համար միշտ լինեն խենթ: Բացարձակապես չընդունեն, որ սիրո մեջ պետք է զուսպ եւ համեստ լինեն, այլ ընդհակառակը` համարձակ, սկզբունքային եւ խենթ»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը («Ծաղիկ Ռուբոն») երիտասարդներին մաղթում է, որ Սուրբ Սարգսի նման հավատարիմ լինեն Աստծո բոլոր պատգամներին: «Երիտասարդ տարիներս անցել են սովետական դաժան պատերի մեջ, դրանից հետո պատերազմ, բայց ոչ միայն Սուրբ Սարգիսը, այլեւ բոլոր սրբերի հավատարմությունը հետս եմ տարել, թե մութ աշխարհում, թե անտառներում, թե սարերում: Իմ ընտանիքը ամբողջապես հավատով է լցված Աստծո նկատմամբ, կառուցել ենք եկեղեցի եւ բնականաբար եկեղեցի կառուցող մարդը սուրբ հավատով է լցված»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
Ռուբեն Գեւորգյանը նշեց, որ սիրել է իր կնոջը եւ նրան տոնական եւ ոչ տոնական օրերին էլ «հրապուրանք է պատճառել»` ծաղիկներ նվիրելով: «Ես գրել եմ բանաստեղծություններ, նվիրել եմ կնոջս, Աստծուն փառք, նման շնորհ ունեցել եմ փոքր ժամանակվանից,»,- ասաց նա:
ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցությունից Արծվիկ Մինասյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում պատմեց, երիտասարդ ժամանակ մայրը ալյուր էր դնում պատուհանի մոտ, եւ եթե առավոտյան ձիու հետքեր էին լինում, ուրեմն` Սուրբ Սարգիսն է եկել: Մինասյանների ընտանիքում տոնին երիտասարդները նաեւ փոխինձ էին ուտում: Արծվիկ Մինասյանը պատմեց, որ ունեցել է բազմաթիվ հրապուրանքներ, դպրոցական տարիներին իրեն ավելի շատ դուր էին գալիս իրենից տարիքով մեծ աղջիկներ, բայց հետո ամուսնացել է իր համակուրսեցու հետ: Ի դեպ, ՀՅԴ-ական պատգամավորի խոսքով` իրենց սիրո պատմությունը կարծես հնդկական կինո լինի:
«Առավոտյան ընկերներով դասի էինք գնում, մեզ հետ էր մեր համակուրսեցի Կարինեն, այն ժամանակ Կիեւյան-Բաղրամյան խաչմերուկում էր ԵՊՀ-ի Տնտեսագիտական ֆակուլտետը, մեկ էլ ձեն լսեցինք, շրջվենք, տեսնենք` մեր համակուրսեցուն, իմ ապագա կնոջը` Աստղիկին, 3-4 տղաներ փորձում են ստիպողաբար նստեցնել մեքենան, մենք հարձակվեցինք ու փրկեցինք Աստղիկին»,- պատմեց Արծվիկ Մինասյանը: Դրանից հետո, նրա խոսքով, ինքը դարձավ Աստղիկի պահապանը, տուն էր ուղեկցում, դասի էր տանում եւ այլն, ու այդ անընդհատ շփումների արդյունքում ծնվեց նրանց սերը, ստեղծվեց ընտանիքը, իսկ դրա արդյունքում` 3 զավակները: Կնոջը սիրո տոնի կապակցությամբ Արծվիկ Մինասյանը նվերներ չի արել, բայց բազմաթիվ նվերներ է գնել այլ տոների կապակցությամբ: Նրա խոսքով` այժմ ժամանակի պատճառով շատ բաներ չի հասցնում, իսկ նախկինում սիրո, զարթոնքի զգացողություններով լուսանկարչական ապարատով գեղեցիկ նկարներ էր անում:
Պատրաստեց` Ինգա Մարտինյանը




























