1990-ականներին, երբ Վրաստանից, Աբխազիայից բեռներ բերելիս շատ են կրակել բեռ տեղափոխող մեքենաների ու ուղեկցողների վրա, Մարգար Օհանյանը եւ նրա նման քաջ ոստիկանները բեռներ են բերել եւ թույլ չեն տվել, որ Հայաստանում սով լինի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հիշեց «Ճոյտ» մականունով հայտնի նախկին ԱԺ պատգամավոր, գործարար, ՀՀԿ-կան Հակոբ Հակոբյանը, ով ներկա էր ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի վերջին դատական նիստին:
Պարոն Հակոբյան, Մարգար Օհանյանի վերջին դատավարության ժամանակ դուք եւս ներկա էիք: Ինչո՞ւ էիք եկել դատական նիստին։
Մենք Մարգարի հետ համագործակցել ենք 90-ականներին: Շատ բարդ, դժվար տարիներին, երբ Հայաստանը կանգնած էր սննդամթերքի լուրջ խնդիրների առաջ: Այդ շրջափակման տարիներին մեր երկրի բեռները բերելու ընդամենը Վրաստանի ճանապարհն ունեինք: Այդ թվերին ես աշխատել եմ Պետական բանվորական մատակարարման բաժնի պետ, իսկ Մարգարը շարքային միլիցիայի աշխատող էր: Եվ բոլոր մեր բեռները, որոնք մենք կարողանում էինք ինչ-ինչ ձեւերով հայթայթել դրսից, Հայաստան էինք բերում այդ ճանապարհով:Մարգարի գլխավորությամբ այդ ամբողջ բեռները Հայաստան ենք բերել Վրաստանից, Աբխազիայից: Շատ է պատահել, որ կրակել են այդ մեքենաների վրա, ուղեկցողների վրա: Բայց այդ եւ այլ ահաբեկումները հաղթահարելով եւ բեռները պահպանելով՝ Մարգար Օհանյանը եւ իր նման քաջ միլիցիայի աշխատողները բերել են բեռները Հայաստան եւ չեն թողել, որ այդ թվին սով ընկնի Հայաստանում: Ինչքան կարողացել ենք, բեռները Հայաստան ենք բերել՝ սկսած ալյուրից, շաքարավազից ու մնացած բոլոր սննդամթերքներից, ինչ-որ մեզ հանձնարարում էր պետությունը: Այդ թվերին, հիշո՞ւմ եք, կտրոններով էր ապրանքը բաժանվում, որ բոլորին հասներ. խանութներում ոչինչ չկար: Բայց այդ տարիներին կարողացանք ինչ-որ ձեւով կատարել մեզ վրա դրված առաջադրանքները: Իսկ այդ առաջադրանքները կատարողներից մեկն էլ եղել է Մարգար Օհանյանը: Նաեւ հիշում եմ, որ երբ բեռների «կալոնաները» պատրաստ էր, դիմում էինք պետությանը, որ մեզ ուղեկցողներ տային, քանի որ Վրաստանում ամեն մեկը «շլագբաում» էր դրել իրենց փողոցում, եւ ավտոմատներով զինված բոլորին թալանում էին: Սակայն, երբ ուղեկցողներ տրամադրելու խնդրանքով դիմում էինք պետությանը, շատ միլիցիայի աշխատողներ «պառկում էին», տեղեկանքներ էին բերում, որ իրենք հիվանդ են, եւ այլն եւ այլն։ Բայց Մարգարը շատ-շատ անգամ ուղեկցել է մեր բեռները եւ անվնաս: Երբ ինքն էր մենք համոզված էինք, որ այդ բեռները անվնաս կհասնի տեղ: Ավելին` այդ տարիներին ինչ-որ տեղ բեռները տեղ հասցնելով կարողացանք զսպել քաղաքացիական պատերազմը:
Ուզում եք ասել, որ եթե Մարգար Օհանյանը բեռները տեղ չհասցներ, հնարավոր էր Հայաստանում քաղաքացիական պատերա՞զմ սկսվեր:
Հնարավոր էր, քանի որ մարդիկ ունեին սննդամթերքի լուրջ խնդիր: Դե պատկերացրեք, որ ստեղծված իրավիճակում մարդիկ զրկվեին նաեւ սննդամթերքից:
Այսինքն՝ դատարան եք գնացել Մարգար Օհանյանի անցած ճանապարհը հարգելո՞վ:
Այո՜, ես դատարան գնալով՝ վերհիշել էի մեր այդ տարիները: Ավելին` դատարան գնալով ես մի փոքր հանգստացա, որովհետեւ իմ ներկայությունը, եթե օգուտ չտար հաստատ վնաս չէր տա իրեն: Որպես մարդ ես ցավում եմ։ Ցավում եմ, որ նման իրավիճակում է գտնվում Մարգարը: Ամենակարեւոր դատավորը դա հասարակությունն է: Եվ, եթե իր արտահայտչամիջոցներով Մարգարին չի դատում, ոչ մի դատավորի կայացրած վճիռ սրտին մոտ ընդունել չի կարելի, որովհետեւ, եթե դատավորն էլ վճիռ կայացնի, ապա օրեր են կանցնեն կգնան, բայց ամենակարեւորը, որ հասարակությունը չդատապարտի իրեն` քաղաքացուն: Ես կարծում եմ, որ Մարգարի արարքը այդ աստիճանի բան չի, որ մեր հասարակությունը նրան դատապարտի, որովհետեւ նա ունի արած գործեր այս պետության համար: Բացի այդ, խոսքը գնում է գումարի մասին չէ: Այդ հարցով մարդուն չեն դարձնում պետության թշնամի: Գումար է, եւ այդ գումարն էլ վերականգնվել է։ Չեմ հասկանում, թե ինչի՞ են նման շոուներ սարքել: Հետո, ի՞նչի չեն թողնում, որ մարդը դրսից գնա դատարան: Դա էլ շատ կարեւոր հանգամանք է, որ մարդուն պետք է գնահատեն:
Ինչպես հասկացա դուք ինքներդ չեք հասականում, թե ո՞րն է այս ամենի պատճառը, բայց հավատում եք, որ Մարգար Օհանյանը անմեղ է: Իսկ արդար դատավճռին հավատո՞ւմ եք:
Գիտեք ոնց, յուրաքանչյուրս մեր կատարած անօրինականությունների մասին օրվա մեջ գոնե մի քանի րոպեով պետք է հիշենք: Թեկուզ իրենց ընտանիքի, ընկերների, պետության բոլորի նկատմամբ: Եկեք մենք բոլորս հիշենք եւ դատապարտող չդառնանք, որովհետեւ այս երկրում սուրբ մարդիկ չկան: «Մաքո՜ւր», այդպիսի մարդիկ Հայաստանում չկան: Ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունում կգտնվի մի մարդ, հատկապես բարձրաստիճան պաշտոնյա սկսած դատավորներից վերջացրած մեղադրող բոլոր դատախազներից: Յուրաքնաչյուրս էլ մեր կողմից կատարում ենք այնպիսի արարքներ, որոնք հետագայում ենք զգում ու զղջում, բայց չենք բարձրաձայնում այդ մասին: Մենք մեր մեջ ենք դա պահում, բայց մեր մեջ խոստովանում ենք, որ այդ հարցով մենք սխալ էինք:
Քչերն են, այն էլ քաղաքական դաշտում, որ խնդրի` այն էլ դատարանի առաջ կանգնած պաշտոնյայի կողքին կանգնում են: Ձեր ներկայությունը ուրախացրե՞ց Մարգար Օհանյանին:
Դե ճիշտն ասած օրենքը, քանի որ արգելում է նրա հետ խոսել, ես իր հետ չխոսեցի, նույնիսկ չփորձեցի: Բայց տեսեք, երբ տխուր առիթի ես գնում, նրա հարազատի համար դա ինչ ոգեւորություն է: Պարզապես հարգանքի նշան է, ինչ-որ տեղ մարդու անձի նկատմամբ: Բայց տեսա, որ շատ հանգիստ էր, կոռեկտ: Վերջիվերջո նա թշնամություն չի կատարել պետության նկատմամբ, որ նրան դատապարտեն: Ի՞նչ է եղել, ֆինանսական խնդիր է, որը մարդը վերականգնել է: Մարդիկ, որ նման բաներ են կատարել միլիարդատերեր են այսօր, բայց առել ընկել են խեղճ ու կրակ Մարգարի էտ մի քանի կոպեկների հետեւից: Մինչեւ Մարգարին հասնելը, դեռ շատերը պետք է պատասխան տան:
Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը




























