Կարտոֆիլագործությամբ հայտնի Ազատան համայնքում 2 տարի է գյուղացիները նախապատվություն տալիս են հացահատիկային մշակաբույսերի մշակմանը, քանի որ ինչպես ազատանցիներն  են նշում կարտոֆիլագործությունն ավելի ծախսատար է, ստացած եկամուտը քիչ: Այս տարի եւս ազատանցիներից քչեր են պատրաստվում կարտոֆիլ մշակել: 30 տարվա ֆերմեր Ժիրայր Մահտեսյանը NEWS.am-ի թղթակցին վստահեցրել է, որ  կարտոֆիլի մշակման համար տարեկան 1 միլիոն դրամ է ներդնում:« Դրա մեջ մտնում են սերմացուի, դիզվառելիքի, պարարտանյութի, ոռոգման ջրի, տեխնիկայի համար նախատեսված  ծախսերը: Արդյունքում ստանում եմ ցածր բերք, իսկ շուկայական պայմաններում ապրանքի ինքնարժեքը սպասվածից բարձր է լինում: Մի խոսքով էլ ձեռք չի տալիս, չի արդարացնում կարտոֆիլը»,-պատմեց գյուղատնտեսը:

Ազատանում տեղյակ են, կառավարության կողմից հաստատված վերջին ծրագրերից, որ սուբսիդավորվելու է թե՜ պարարտանյութի եւ թե դիզվառելիքի գինը: Ըստ այդմ գյուղացին մեկ պարկ պարարտանյութը ձեռք է բերելու 6 հազար դրամով, նախկին 9 հազարի փոխարեն, իսկ մեկ լիտր դիզվառելիքը 350 դրամով, նախկին 500-ի փոխարեն: Այս փոփոխությունները կնպաստե՞ն արդյոք, որ գյուղացու ֆինանսական ներդրումը հողագործության աշխատանքներում նվազի, իսկ ստացած եկամուտը ավելանա: Ֆերմեր Սպարտակ Սահակյանի խոսքով՝ գյուղի ու գյուղացու խնդիրները նման մասնակի փոփոխություններով չեն լուծվում, անհրաժեշտ են գլոբալ տեղաշարժեր:

Ազատան համայնքն, ըստ գյուղապետ Վարդան Իկիլիկյանի, ունի գյուղտեխնիկայի խնդիր: Մի քանի հին տրակտորներով է իրականացվում հողատարածքների վարուցանքը, որոնք կրկնակի դիզվառելիք են ծախսում: Բացի այդ, ըստ գյուղացիների բարձր է նաեւ ոռոգման ջրի սակագինը:

Նշենք, որ Ազատանում երկրորդ տարին է հողատարածքների մի մասը վարձակալության է հանձնված: Հողի հետ աշխատանքը մի քանի տասնյակ ընտանիքներ համարում են ոչ եկամտաբեր: Զուգահեռաբար ավելացել է գյուղից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը: Ազատանում բնակչության ուղիղ կեսն ապրում է տրանսֆերտների հաշվին: