Կամբոջայի սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ թաիլանդցի զինծառայողների շրջանում զոհերի թիվը հասել է երեքի, հաղորդում է Thai PBS-ը՝ հղում անելով Թաիլանդի թագավորական բանակին: Ավելի վաղ հաղորդվել էր մեկ զոհի մասին:
Կորուստները տեղի են ունեցել դեկտեմբերի 8-ից 9-ը ընկած ժամանակահատվածում: Կամբոջայի սահմանին գտնվող Թաիլանդի համատեղ մամուլի կենտրոնի տվյալներով՝ հակամարտության ընթացքում վիրավորվել է 29 թաիլանդցի զինծառայող:
Թաիլանդի և Կամբոջայի սահմանին փոխհրաձգությամբ բախումներ են սկսվել դեկտեմբերի 7-ին։ Թաիլանդի Թագավորական բանակը դեկտեմբերի 8-ին տեղեկացրել է, որ կամբոջական ուժերը վաղ առավոտյան սկսել են հրետանային գնդակոծություն կատարել սահմանամերձ գոտում գտնվող թաիլանդական դիրքերի վրա։ Թաիլանդի ռազմաօդային ուժերն ի պատասխան հարձակվել են Կամբոջայի ռազմական ենթակառուցվածքների վրա։ Թաիլանդի ցամաքային ուժերի Երկրորդ օկրուգը հայտնել է, որ դեկտեմբերի 8-ին և 9-ին Կամբոջան գնդակոծել է թաիլանդական տարածքը BM-21 համակարգերից՝ կիրառելով նաև կամիկաձե անօդաչու թռչող սարքեր։ Թաիլանդի զինվորականները պատասխան կրակ են բացել՝ առանցքային շրջանների վրա վերահսկողություն հաստատելու և հակառակորդին վնաս հասցնելու նպատակով։





























