Թաիլանդի արտաքին գործերի նախարար Սիհասակ Ֆուանգկետակեուն կարծում է, որ Կամբոջան պատրաստ չէ թաիլանդա-կամբոջական սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման բանակցություններին։

«Խնդիրն այն է, որ Կամբոջան պատրաստ չէ բանակցությունների: Հետևաբար, Թաիլանդը պետք է շարունակի ռազմական գործողությունները, մինչև Կամբոջան իսկապես պատրաստ չլինի [բանակցությունների]», - նախարարի խոսքերն է մեջբերում The Nation թերթը:

Արտաքին գործերի նախարարը նշել է, որ «Թաիլանդը պարտավոր է պաշտպանել իր ինքնիշխանությունը և անել հնարավոր ամեն ինչ՝ Կամբոջայի կողմից սպառնալիքներին վերջ դնելու համար»։ Նա ընդգծել է, որ Պնոմպենը «պետք է գիտակցի, թե իրականում ինչ է ուզում բանակցային սեղանի շուրջ նստելու համար»։

Թաիլանդի և Կամբոջայի սահմանին դեկտեմբերի 7-ին բախումներ են սկսվել՝ հրաձգային զենքի կիրառմամբ: Թաիլանդի Թագավորական բանակը երկուշաբթի օրը հայտնել է, որ կամբոջական ուժերը վաղ առավոտյան հրետանային գնդակոծություն են սկսել սահմանային գոտում գտնվող թաիլանդական դիրքերի ուղղությամբ: Ի պատասխան՝ Թաիլանդի ռազմաօդային ուժերը հարձակվել են Կամբոջայի ռազմական ենթակառուցվածքի վրա: Թաիլանդի ցամաքային ուժերի Երկրորդ շրջանը հայտնել է, որ Կամբոջան երկուշաբթի և երեքշաբթի օրերին գնդակոծել է թաիլանդական տարածքը BM-21 համակարգերից՝ օգտագործելով նաև անօդաչու-կամիկաձեներ: Թաիլանդի զինվորականները պատասխան կրակ են բացել՝ նպատակ ունենալով վերահսկողություն հաստատել առանցքային տարածքների վրա և վնաս հասցնել հակառակորդին:

Թաիլանդի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության դեպարտամենտի գլխավոր տնօրեն և խոսնակ Նիկոնդեթ Ֆալանգկունը հայտարարել է, որ Թաիլանդը կշարունակի Կամբոջայի հետ ռազմական բախումը սահմանամերձ շրջաններում, մինչև չվերացնի իր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգը։