Մենք պետք է կարողանանք որոշել ամենակարևորը, որոշել այն սահմանը, որով պետությունը պետք է նպաստի տնտեսության աճին, այսինքն ինքը ինչքանով պետք է ներկայացված լինի տնտեսության մեջ։ Այս մասին ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում պանելային քննարկման ժամանակ նշեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Այն բարեփոխումները, որ այսօր կատարվում են Հայաստանում միտված են դրան և այդ բարեփոխումների արդյունքում մենք եկել ենք մի հանգրվանի, որտեղ երբ քննարկում ենք հարկային քաղաքականության ապագան, ինչքանով պետք է այդ հարկային քաղաքականության մեջ պետությունը առաջնահերթություն համարի բիզնեսի ակտիվությանը կամ մրցունակության բարձրացման նպաստելը, ինչքանով այդ հարկային քաղաքականության մեջ պետությունը պետք է իր պարտավորությունների դիտարկի ամբողջապես, թե այդ պարտավորությունները պետք է պատվիրակի մասնավորին։
Մեր գործողությունները այսօր, կարծում եմ՝ պետք է միտված լինեն նաև ապագային, այսինքն մենք պետք է կարողանանք միաժամանակ և զարգանալ, և բարեկեցիկ կյանք ապահովել, միաժամանակ վնաս չտալ մեր շրջակա միջավայրին, միաժամանակ մտածելով, որ սա վերջը չի, այլ 50, 100 և 500 տարի հետո մենք հարատևելու ենք, և այս տրամաբանության մեջ մեր քայլերը պետք է կարողանանք ձևակերպել, կանխատեսել։ Ես վստահ եմ, որ առաջիկա հինգ տարիների նախատեսվող տեսլականը գոնե այս սկզբունքները հաշվի կառնի, որովհետև հակառակ դեպքում մենք կարող ենք ունենալ այսպես կոչված ուժեղ պետություն»,– նշեց նա։
Վահագն Խաչատուրյանը նկատեց, որ հիմա կան շատ երկրներ, որ կոչվում են ուժեղ պետություններ, բայց դրան չակերտավոր ուժեղ են, որոնք կենտրոնացված կառավարում ունեն, որտեղ պետությունը իր վրա ահռելի բեռ է վերցրել իր քաղաքացիների տարբեր սոցիալական խնդիրներ լուծելու առումով։
«Բայց դա ուժեղ պետություն չէ, թույլ պետություն է, ավելի ճիշտ կլիներ լիներ փոքր պետություն և այդ փոքր պետություն լինելով իր պարտավորությունները հստակ կատարեր, քաղաքացիների ու բիզնեսի ակտիվ մասնակցություն ապահովեր, բայց չներկայանար որպես ուժեղ պետություն։
«Այսօր ուժեղությունն ու թուլությունը չի ձևակերպում հենց նրանով, թե դուք ինչքանով եք կարողանում ձեր առջև, հասարակության կողմից պետության առջև դրված խնդիրները լուծելու, ավելի կարևոր է, թե ինչքանով ենք մենք արդյունավետ»,-նշել է նա։
Նախագահն ընդգծեց, որ տարբեր միջազգային ինդեքսների և համաթվերի երկարաժամկետ դիտարկումներ է անում և ըստ դրանց նշմարվում են Հայաստանի երկու հիմնախնդիրները. «Ամենավատ ցուցանիշներն օրենքի գերականության, արդարադատության կամ արդարության ոլորտում է, երկրորդը՝ պետական ինստիտուտների արդյունավետության: Այս երկու ցուցանիշներն են, մնացած տեղերը, որտեղ խոսքը վերաբերում է ֆինանսական կայունությանը, տնտեսական ազատությանը, արտաքին առևտրին՝ ունենք զգալի առաջընթաց»,-ասաց Խաչատուրյանը:





























