Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է Գերագույն ռադային օրենքի նախագիծ մշակել՝ ռազմական դրության ժամանակ ընտրությունների անցկացման հնարավորության վերաբերյալ։ Այս մասին «ՌԲԿ-Ուկրաինա»-ին հայտնել են Կիևի իրազեկ աղբյուրները։ Նրանց փոխանցմամբ՝ անցյալ շաբաթ արդեն տեղի է ունեցել այդ հարցին նվիրված աշխատանքային հանդիպում։ Ենթադրվում է, որ քվեարկությունը կլինի բազմօրյա և կանցկացվի հայտարարումից հետո 60-օրյա ժամկետում, ինչպես նախագահի արտահերթ ընտրությունների դեպքում։
Սակայն, ինչպես նշում են «ՌԲԿ-Ուկրաինա»-ի զրուցակիցները, նախաձեռնության մշակմանը ներգրավված շատերի մոտ կասկածներ կան՝ արդյո՞ք իմաստ ունի աշխատանքը հասցնել ավարտին, թե ոչ։ Ի սկզբանե Զելենսկին օրենքը պատրաստելու հանձնարարական է տվել ոչ թե ընտրություններ անցկացնելու կոնկրետ ծրագրերի հետ կապված, այլ որպես պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին, ով հայտարարել էր, թե Ուկրաինայում վաղուց նախագահ չեն ընտրել։ «Իբր, դուք մեզ կշտամբում եք ընտրությունների բացակայության համար՝ համեցեք, մենք պատրաստ ենք»,— պարզաբանել են աղբյուրները։ Նրանք նաև նշել են, որ քվեարկության անցկացման համար անհրաժեշտ է առնվազն ռազմական ակտիվության նվազում, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն պետք է Ռուսաստանից պահանջի դադարեցնել «կրակելն ու ռմբակոծելը»։
Միևնույն ժամանակ, ուկրաինացի բարձրաստիճան մի պաշտոնյա Bild-ին հայտնել է, որ Բեռլինում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ բանակցությունների ընթացքում Զելենսկին հայտարարել է խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո 100 օրվա ընթացքում ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին։ Դրան զուգահեռ, ուկրաինական առաջնորդը թույլատրել է ՆԱՏՕ-ին չանդամակցելու տարբերակը «որոշակի պայմաններով» և համաձայնել է ռազմական գործողությունների սառեցմանը՝ ներկայիս շփման գծով։ Ընդ որում, նա հրաժարվել է զորքերը դուրս բերել Դոնբասի չօկուպացված հատվածից և այն հանձնել Ռուսաստանին։
Կիևի միջազգային սոցիոլոգիայի ինստիտուտի վերջին հարցման համաձայն՝ Զելենսկուն վստահում է ուկրաինացիների 61%-ը, իսկ չի վստահում՝ 32%-ը։ Նաև Ուկրաինայի բնակիչների 57%-ը կարծում է, որ նախագահական ընտրությունները պետք է անցկացնել միայն վերջնական խաղաղության համաձայնագրից և պատերազմի լիակատար ավարտից հետո։ Միայն 9%-ն է պնդում, որ դրանք անհրաժեշտ են «հենց հիմա»։ Միաժամանակ, ուկրաինացիների մեծամասնությունը (63%) պատրաստ է հանդուրժել պատերազմն այնքան, որքան անհրաժեշտ կլինի։





























