Հարավային Կորեայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Վի Սունգ-լաքը հայտարարել է, որ երկիրը, հնարավոր է, ստիպված լինի առանձին երկկողմ համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ՝ միջուկային սուզանավեր կառուցելու իրավունքն ապահովելու համար, հաղորդում է Bloomberg-ը։

Ինչպես գրում է պարբերականը, Վին այդ մասին ասել է մամուլի հետ շփման ժամանակ ԱՄՆ ժամանելուն պես, որտեղ  նախապատրաստական աշխատանքներ են ընթանում բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման համար:

Համաձայնագրի համատեքստում ազգային անվտանգության հարցերով խորհրդականը որպես օրինակ է բերել Ավստրալիան՝ նշելով, որ Կանբերային հաջողվել է բացառության հասնել ԱՄՆ ատոմային էներգիայի մասին օրենքի 91-րդ բաժնի պահանջներից՝ Վաշինգտոնի հետ առանձին գործարք կնքելու միջոցով:

Հենց դա էլ թույլ է տվել Ավստրալիային 2021 թվականին միանալ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ AUKUS համաձայնագրին: Այդ համաձայնագրի շրջանակներում երկիրը պետք է ատոմային սուզանավեր ստանա:

«91-րդ բաժինը թույլ է տալիս ԱՄՆ նախագահին արտոնել ռազմական միջուկային նյութերի փոխանցումը և Սեուլն այս մեխանիզմը դիտարկում է որպես հնարավոր տարբերակ՝ ԱՄՆ-ի հետ քաղաքացիական միջուկային համագործակցության գործող համաձայնագրում առկա սահմանափակումները շրջանցելու համար»,- գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Վիի խոսքերին:

Խորհրդականը նաև նշել է, որ իր այցը կենտրոնացած է լինելու այն պարտավորությունների կատարման արագացման վրա, որոնք շարադրվել են հոկտեմբերի վերջին Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գագաթնաժողովից հետո ստորագրված համատեղ փաստաթղթում։ Խոսքը, ի թիվս այլնի, վերաբերում է հարստացված ուրանի, օգտագործված վառելիքի վերամշակման և ատոմային սուզանավերի ոլորտում համագործակցությանը։

Այն հարցին, թե արդյոք հանդիպումների ժամանակ քննարկվելու են ԿԺԴՀ-ի հետ երկխոսության վերսկսման հեռանկարները, Վին պատասխանել է, որ նախատեսում է մտքեր փոխանակել ավելի լայն տարածաշրջանային իրավիճակի շուրջ և խորհրդակցել ՄԱԿ-ի հետ։ Նա հավելել է, որ ամերիկա-կորեական դաշինքի ներկայիս ամրությունը «հնարավորություն» է ներկայացնում։

Բացի Ռուբիոյի հետ հանդիպումից, Վին ծրագրում է բանակցություններ վարել ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի և Սպիտակ տան ու Պետքարտուղարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ նախքան Սեուլ վերադառնալը:

«Այս հարցին անհրաժեշտ քաղաքական կշիռ հաղորդելու համար կարևոր են բարձր մակարդակի բանակցությունները: Ի վերջո, առաջընթացը շատ ավելի արագ կլինի, երբ դրանում անմիջականորեն ներգրավված լինեն նախագահի վարչակազմը և Սպիտակ տունը», - եզրափակել է Հարավային Կորեայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը: