«Բարգավաճ Հայաստանն» ինչ-որ բանից նեղվածություն ունի: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով ԲՀԿ-ի կողմից խորհրդարանի նիստը բոյկոտելու որոշումը:

Ըստ Սահակյանի, «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագիծը, որը երեկ տապալվեց ԲՀԿ-ի ջանքերով, հակակոռուպցիոն հիմնական միջոցներից է, որ ֆինանսական գործառնությունները վերահսկվեն պետության կողմից: «Ներկայացնում են, թե ժամանակավրեպ է, իսկ մենք կարծում ենք, որ կոռուպցիոյի դեմ ամեն ժամ պետք է պայքարել: Օրենքը քննարկվել էր աշնանային նստաշրջանում, այն ժամանակ ոչ ելույթներ են եղել, ոչ` միջամտություններ: Փոքրիկ դիտողություններ են արել ՀՅԴ ներկայացուցիչները: Քննարկել ենք նաեւ նախորդ ուրբաթ, ինքս մասնակցել եմ, խմբագրական դիտարկումներ կային, համաձայնություն եղավ, եւ ակնհայտ էր, որ օրինագիծը պետք է անցներ»,- նշեց Սահակյանը:

Ըստ Սահակյանի, այդ օրինագիծը վերաբերում է հասարակության մի փոքր մասին` ընդամենը 20 հազար մարդկանց, հիմնականում ձեռներեցների: «Մեր հասարակությունը դեռ այն վիճակում չէ, որ 3 միլիոնի գործառնություններ անեն, դա առնչվելու էր գործարարներին»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե այսօր ԲՀԿ-ն դահլիճում չէ, բայց քվեարկություններ են կայանում, ինչու երեկ էլ նույն կերպ չվարվեցին, Սահակյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ի քայլն անակնկալ էր: «Քաղաքայան էթիկայի տեսակետից, երբ որոշում է կայացվում, տեղյակ են պահում գործընկերներին: ՄԵզ համար ենթադրելի չէր, որ չեն մասնակցելու: Եթե դեմ քվեարկեին անգամ, օրենքը կանցներ»: ՀՀԿ խմբակցության նախագահը կոալիցիոն գործընկերոջը նաեւ մեղադրեց պոպուլիզմի միջոցով ձայներ հավաքելու մեջ:

Նշենք, որ երեկ ԲՀԿ խմբակցությունը չմասնակցեց հիշյալ օրինագծի քվեարկությանը, դրանով տապալելով այն:

Կոալիցիոն գործընկերոջ այս քայլը զայրացրեց հանրապետական պատգամավորներին: Սամվել Նիկոյանը, Էդուարդ Շարմազանովը, Արեգ Ղուկասյանն ու Գագիկ Մինասյանն իրենց ելույթներում հայտարարում էին, որ օրինագծին դեմ քվեարկելը նշանակում է` կողմ լինել կոռուպցիային, իսկ քվեարկությանը չմասնակցելն ընդհանրապես անհասկանալի կեցվածք է: