Փետրվարի 4-ին Կանադայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել ՀՀ Զինված Ուժերի 20-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ` միջոցառմանը ներկա էին Կանադայի Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Օտտավայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Հայ առաքելական եկեղեցիների սրբազան հայրեր, հայ համայնքի քաղաքական եւ մշակութային կառույցների ներկայացուցիչներ:
Հայաստանի եւ Կանադայի օրհներգներից հետո ներկաներին ողջույնի խոսքով դիմել է ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով համառոտ ներկայացրել է հայոց բանակի եւ պետականության 20-ամյա ուղին: Միջոցառումն ուղեկցվել է համերգով, որի ընթացքում ներկայացվել են հայ եւ օտարազգի երգահանների ստեղծագործություններ:




























